USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

OpenAI –ն հաստատել է Mixpanel–ի միջոցով օգտատերերի տվյալների զանգվածային արտահոսքի փաստը

28.11.2025, 12:41
OpenAI ընկերությունը նամակներ է ուղարկել օգտատերերին՝ հաստատելու տվյալների զանգվածային արտահոսքի փաստը, որը տեղի է ունեցել վեբ-վերլուծական գործիքի՝ Mixpanel-ի սխալի պատճառով
OpenAI –ն հաստատել է Mixpanel–ի միջոցով օգտատերերի տվյալների զանգվածային արտահոսքի փաստը

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ OpenAI ընկերությունը նամակներ է ուղարկել օգտատերերին՝ հաստատելու տվյալների զանգվածային արտահոսքի փաստը, որը տեղի է ունեցել վեբ-վերլուծական գործիքի՝ Mixpanel-ի սխալի պատճառով, գրում է 3dnews-ը։ 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ արտահոսքը տեղի է ունեցել 2025 թվականի նոյեմբերի 9-ին, երբ ինչ-որ մեկը հասանելիություն է ստացել Mixpanel-ի ենթակառուցվածքի մի մասի նկատմամբ և արտահանել մի շարք տվյալներ, որը պարունակում էր տեղեկատվություն OpenAI-ի հաճախորդների նույնականացման և վերլուծության մասին։ Windows Central-ևս հաղորդում է, որ Mixpanel ընկերությունը միայն նոյեմբերի 25-ին է OpenAI-ին փոխանցել տուժած օգտատերերի ցուցակը, ինչից հետո վերջինս օպերատիվորեն բոլորին ծանուցել է արտահոսքի մասին։

OpenAI-ում պարզաբանել են, որ արտահոսքը չի առնչվել ChatGPT համակարգին. չեն տուժել չաթերի բովանդակությունը, API-ի հարցումները, API-ի օգտագործման տվյալները, գաղտնաբառերը, մուտքի տվյալները, API-բանալիները, վճարային տեղեկատվությունը և անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ պետական իդենտիֆիկատորները։ 

Վտանգվել են բացառապես platform.openai.com հարթակում գտնվող հաշիվների հետ կապված տվյալները, մասնավորապես՝ գրանցման ժամանակ նշված անունները, API-հաշիվներին կցված էլեկտրոնային փոստի հասցեները, մոտավոր աշխարհագրական դիրքը, որը որոշվել է IP-հասցեի և վեբ դիտարկիչի տվյալների հիման վրա, օպերացիոն համակարգի և դիտարկիչի տեսակը, ինչպես նաև API պրոֆիլներում պահպանված ռեֆերալ կայքերի, կազմակերպությունների և օգտատերերի ներքի իդենտիֆիկատորների մասին տեղեկությունները։

Ընկերության պնդմամբ՝ դա իրենց սեփական համակարգերի կոտրում չի եղել, այլ միջադեպ, որը տեղի է ունեցել երրորդ կողմի ենթակառուցվածքում, ինչի հետևանքով OpenAI-ը դադարեցրել է ինտեգրումը Mixpanel-ի հետ և կոչ է արել օգտատերերին մեծ զգոնություն ցուցաբերել հնարավոր ֆիշինգային հարձակումների և սոցիալական ինժեներիայի փորձերի նկատմամբ։