USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-9

Google–ը տուգանվել է մասնավոր կյանքին միջամտելու համար

23.04.2013, 12:01
Գերմանական կարգավորիչը 145 հազար եվրո  տուգանք է սահմանել Google ամերիկյան կորպորացիայի համար` Wi-Fi չպաշտպանված ցանցերից տեղեկությունն անօրինական օգտագործելու համար, հաղորդում է Բի–Բի–Սի–ն։
Google–ը տուգանվել է մասնավոր կյանքին միջամտելու համար
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /ԱՌԿԱ/.  Գերմանական կարգավորիչը 145 հազար եվրո  տուգանք է սահմանել Google ամերիկյան կորպորացիայի համար` Wi-Fi չպաշտպանված ցանցերից տեղեկությունն անօրինական օգտագործելու համար, հաղորդում է Բի–Բի–Սի–ն։

Սակայն գերմանական կարգավորիչը դժգոհ է տուգանքի չափից` նշելով, որ դա Google–ի պես հսկայի համար զսպող գործոն չի կարող լինել։

Ընկերությունից էլ հայտարարել են, որ տվյալները  (ներառյալ օգտագործողների փոստային հաղորդագրությունները, լուսանկարները և նրանց գաղտնաբառերը) առանց դիտավորության են հավաքվել։

Եվրոպական նորմերի համաձայն, անձնական տեղեկության ոչ դիտավորյալ հավաքման համար առավելագույն տուգանքը կազմում է 150 հազար եվրո։ Տվյալների պաշտպանության տեսուչ Յոհաննես Կասպարը նշել է, որ ապագայում այդ թիվը կմեծանա։

Google–ում նշել են նաև, որ խախտումը կատարվել է մի մարդու գործողությունների պատճառով, ով լիազորված չի եղել ղեկավարության կողմից. «Իհարկե, Google–ը կատարյալ չէ։ Տվյալ դեպքում մենք խախտումը հայտնաբերեցինք միանգամից, ավելին` մենք չենք ներխուժել ոչ ոքի անձնական կյանք»։

Google –ն ամերիկյան ինտերնետ–կորպորացիա է, որոնողական համակարգերի առաջատար։ Հիմնվել է 1998 թվականին` Ստենֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջի և Սերգեյ Բրինի կողմից։ Որպես բազա վերցվել է 1996 թվականի նրանց հետազոտական աշխատանքը։ Համարվում է, որ Google բառը «Գուգոլ» բառի սխալ գրությունն է, որը նշանակում է «10 հարյուրերորդ աստիճանում», հայտնում է rbc.ru–ն։

2004 թվականին ընկերությունը 19 մլրդ դոլարի IPO է անցկացրել։ Ներկայում Google–ը զբաղեցնում է որոնողական հարցումների համաշխարհային շուկայի 80 տոկոսը, ընկերության հիմնական եկամուտն առցանց գովազդն է` Google–ի էջում որոնման արդյունքներին կից։

Google կորպորացիային է պատկանում աշխարհի ամենաճանաչված YouTube վիդեոհոսթինգը, կառավարում է Gmail փոստային ծառայությունը, Google+ սոցիալական ցանցը, մշակել է բջջային սարքերի Android օպերացիոն համակարգը։ -0-