USD
379.99
EUR
441.32
RUB
4.8785
GEL
141.01
2026 թ. հունվարի 17, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Google. «Gmail–ից օգտվողները կարող են նամակագրության գաղտնիության հույս չունենալ»

14.08.2013, 15:35
Google–ը հասկացրել է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին որևէ խոսք լինել չի կարող, եթե մարդը կողմնակի ծառայությունից է օգտվում, որոնց թվին է պատկանում նաև Gmail փոստը, գրում է cnews.ru–ն։
Google. «Gmail–ից օգտվողները կարող են նամակագրության գաղտնիության հույս չունենալ»
ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Google–ը հասկացրել է, որ մասնավոր կյանքի անձեռնմխելիության մասին որևէ խոսք լինել չի կարող, եթե մարդը կողմնակի ծառայությունից է օգտվում, որոնց թվին է պատկանում նաև Gmail փոստը, գրում է cnews.ru–ն։

«Իր գործընկերոջը նամակ ուղարկած մարդը դժվար թե զարմանա, եթե նամակը բացի ստացողի օգնականը։ Նույն կերպ էլ վեբ–սերվիսներից օգտվող մարդիկ չպետք է զարմանան, որ իրենց հաղորդագրությունները մշակվում են փրովայդերի կողմից նախքան դրանց հայտնվելը հասցեատիրոջ արկղում։ Օգտագործողն առհասարակ որևէ խելամիտ հիմքեր չունի կարծելու, որ իր կողմից երրորդ ձեռքի միջոցով կամավոր փոխանցվող տեղեկությունը գաղտնի է մնում»,– ասել են Google–ում։

Այս և այլ պնդումներ են զետեղված 2013 թվականի հուլիսին ընկերության իրավաբանների կողմից ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հյուսիսային օկրուգի դատարան ուղարկած փաստաթղթում։ Այն հրապարակվել է միայն հիմա։

Google–ում հույս ունեն, որ դատավոր Լյուսի Կոն (Lucy Koh) կլսի փաստարկները և կդադարեցնի բողոքի դիտարկումը, որն ընկերության նկատմամբ ներկայացրել են դրա օգտագործողները։ Նրանք կարծում են, որ էլեկտրոնային նամակների ընթերցումը համապատասխան գովազդի պատկերման համար անձնական տվյալներ ստանալու մասին դաշնային և կալիֆոռնիական օրենքների խախտում է։

«Google–ը, ի վերջո խոստովանել է, որ «թքած ունի» գաղտնիության վրա»,– հայտարարել է Consumer Watchdog–ում մասնավոր կյանքի պահպանման ուղղության տնօրեն Ջոն Սիմփսոնը (John Simpson)։ Նա խորհուրդ է տվել չօգտվել Gmail–ից այն մարդկանց, ում գաղտնիություն է պետք։

«Google–ի իրավաբաններն անհաջող օրինակ բերեցին։ Էլեկտրոնային նամակի ուղարկումը վեբ–սերվիսով նույնն է, թե դուք օգտվեք սովորական փոստից։ Երբ դուք նամակն իջեցնում եք փոստարկղ, դուք գիտեք, որ փոստի աշխատակիցները կկարդան հասցեն ծրարի վրա, որ հասցնեն ըստ հասցեի։ Բայց դուք չեք մտածում, թե նրանք կբացեն ծրարը` բովանդակությունը կարդալու համար»,– ավելացրել է Սիմփսոնը։

Google–ում պնդում են, որ էլեկտրոնային նամակի ընթերցումը, որը, ի դեպ, ինչպես պնդում են կորպորացիայում, կատարվում է ռոբոտների միջոցով, անհրաժեշտ է «սերվիսի ճիշտ գործելու» և նրա համար, որ «օգտագործողներին անվճար ծառայություններ մատուցվեն»։

Օգտագործողներն իրենց հերթին պնդում են, որ իրենց դժգոհության առարկան ստանդարտ գործառույթները չեն։ Բողոքի մեջ հետևյալ հայտարարություններն են` «Google–ը գաղտնի կերպով հավաքում է Gmail–ի օգտագործողների մտքերն ու գաղափարները և որոշակի բանկում է հավաքում դրանց գաղտնի կիրառման համար»։ -0-