Google-ը լոգոտիպով նշել է շեֆ խոհարար Ջուլիա Չայլդի 100-ամյա հոբելյանը
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Google ինտերնետային ընկերությունը տոնական լոգոտիպով նշել է ֆրանսիական խոհանոցի հայտնի ամերիկացի շեֆ խոհարար Ջուլիա Չայլդի (Julia Child) ծննդյան 100-ամյա հոբելյանը:
Որոնողական համակարգի գլխավոր էջում Google-ի ավանդական լոգոտիպը փոխվել է երեքշաբթի` խոհանոցում կին խոհարարի պատկերով: Google ընկերության անվանման տառերը պատկերված են տարբեր տեսակի ճաշատեսակներով՝ ապուրի, տապակած հավի, տապակած ձկան, դեսերտի տեսքով, հաղորդում է http://digit.ru-ն:
Ջուլիա Չայլդը ծնվել է 1912թ.-ի օգոստոսի 15-ին Կալիֆորնիա ամերիկյան նահանգում, իսկ վախճանվել է 2004թ.-ին:
Ապագա շեֆ խոհարարի մոտ ֆրանսիական խոհանոցի հանդեպ հետաքրքրությունն առաջացել է Փարիզում, ուր նա մեկնել էր 1948թ.-ին դիվանագետ ամուսնու հետ: Խոհարարական դասընթացների մասնակցելով` 1951թ.-ին Չայլդը գործընկերների հետ համատեղ ամերիկուհիների համար խոհանոցային դպրոց է բացել:
Եվս 10 տարվա փորձով նա դարձել է «Յուրացնելով ֆրանսիական խոհանոցի արվեստը» (Mastering the Art of French Cooking) գրքի համահեղինակը, որն ինքնատիպ հեղափոխություն է առաջացրել ամերիկյան խոհանոցում: 1960-ական թվականներին Ջուլիա Չայլդը կարիերան սկսել է հեռուստատեսությունում, որտեղ նկարահանումների ժամանակ ճաշատեսակներ պատրաստելու գործընթացի հետ մեկտեղ խոհարարական շոու էր վարում:
Google ընկերությունը որոնողական համակարգի գլխավոր էջում տոնական լոգոտիպներ է տեղադրում տարբեր հիշարժան ամսաթվերի, տոների, հայտնի մարդկանց ծննդյան օրերի առթիվ: Նախկինում Google-ի դիզայներները լոգոտիպերը նվիրում էին նաև անսովոր մասնագիտություն ունեցող կանանց, օրինակ՝ կին գիտնական Մարիա Սկլոդովսկայա Կյուրիին կամ կին օդաչու Ամելիա Էրհարտին: -0-