ՀՀ արդարադատության նախարարը փորձում է անձամբ պատասխանել սոցցանցերի բոլոր հաղորդագրություններին՝ գրեթե չմերժելով Facebook-ում ընկերանալու հայտերը
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարել է, որ ազատ ժամանակ փորձում է անձամբ պատասխանել սոցցանցերի հաղորդագրություններին և գրեթե չի մերժում Facebook-ում առաջարկած ընկերանալու հայտերը:
«Ես շատ բաց եմ: Դուք պարզապես կարող եք ինձ գտնել Facebook-ում: Իմ էջը հասանելի է, ես գրեթե ոչ մեկի չեմ մերժում, ովքեր ցանկանում են ինձ հետ ընկերանալ, նրանք ընդգրկվում են ընկերներիս ցանկում: Աշխատանքից ազատ ժամանակ անգամ փորձում եմ անձամբ պատասխանել բոլոր հաղորդագրություններին, բոլոր հարցերին, որոնք ստանում եմ սոցցանցերում», - ասել է Մանուկյանը ղազախական bnews.kz գործակալության կողմից կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքերով՝ մարդիկ սկզբում շատ են զարմանում, իսկ հետո գոհ են մնում այն բանից, որ իրենց ձայնը հասնում է հասցեատիրոջը:
«Երբ ազատ ժամանակ ես գտնում, և դա հատկացնում ես քո քաղաքացիներին, ապա դա լիուլի վերադառնում է, քանի որ շատ է գնահատվում», - ասել է նախարարը:
Խոսելով Հայաստանում ԶԼՄ-ների, այդ թվում նաև էլեկտրոնային ԶԼՄ-ների գործունեության մասին՝ նախարարն ընդգծել է, որ երկրում այդ ուղղությամբ բավականին լիբերալ օրենսդրություն է գործում:
«Մամուլը շատ ազատ է, այդ թվում նաև ինտերնետային ռեսուրսները, որոնք հատկապես վերջին տարիներին մեծ թափ են ստացել, նրանք Հայաստանում հիմա շատ մեծ լսարան ունեն», - ասել է Մանուկյանը:
Նա նաև նշել է, որ ԶԼՄ-ները պետք է ոչ միայն ազատ լինեն, այլ նաև պատասխանատու:
«Մեր մեդիաոլորտում հարկավոր է ինքնակարգավորման մեխանիզմներ մշակել, որոնք թույլ կտային հետևել տեղեկատվության որակին, էթիկայի նորմերին: Պետական միջամտությունընամենաճիշտ տարբերակը չէ, այստեղ մեծ ռիսկեր կան», - ընդգծել է նախարարը:-0-