USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Մի խումբ անձինք Facebook-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ հափշտակել են խոշոր չափի գումար և կատարել ավելի քան 10 մլն դրամի փողերի լվացում

Այսօր, 12:03
Facebook–ում ներկայանալով կեղծ էջերով՝ հափշտակել են 686 հզր դրամ և կատարել ավելի քան 10 մլն  դրամի փողերի լվացում
Մի խումբ անձինք Facebook-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ հափշտակել են խոշոր չափի գումար և կատարել ավելի քան 10 մլն  դրամի փողերի լվացում
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի․/ԱՌԿԱ/․ Մի խումբ անձինք Facebook-ում ներկայանալով կեղծ անհատական էջերով՝ մի շարք անձանցից հափշտակել են խոշոր չափերով գումարներ, կատարել փողերի լվացում։ 

2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայացել են այդ անձանց ընկերներին և բարեկամներին և տարբեր պատրվակներով գումարներ պահանջել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Արդյունքում, Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն հափշտակել են իրենց կողմից նախապես ստեղծված էլեկտրոնային դրամապանակներին ու բանկային քարտերին ստացված՝ ընդհանուր 686 հզր 320 ՀՀ դրամը։ 

Բացի այդ, 2021 թվականից 2023 թվականն ընկած ժամանակաշրջանում, Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերով գույքի ձեռքբերման աղբյուրը խեղաթյուրելու, այդ գույքին օրինական տեսք հաղորդելու և իրենց կատարած հափշտակությունների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու շուրջ, կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում: 

Վ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերով խարդախությունը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։ 

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։