«Լոկատոր» հայկական ընկերությունը եգիպտական ընկերության պատվերով Մեքքայի եռաչափ մոդել կմշակի
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. «Լոկատոր» ՓԲԸ–ն Tawasol բջջային հավելվածների եգիպտական մշակողի պատվերով մուսուլմանների Մեքքա սուրբ քաղաքի եռաչափ մոդելը կմշակի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «Լոկատոր» ընկերության առևտրային տնօրեն Վլադիմիր Սոֆյանը։
«Եգիպտական ընկերության ներկայացուցիչները տպավորված էին մեր կողմից մշակված Երևանի եռաչափ մոդելից, որը ներկայացվեց Հանովերում կայացած CeBIT համաշխարհային խոշորագույն ցուցահանդեսին (մարտի 5–9), և մեզ առաջարկեցին մշակել Մեքքայի եռաչափ մոդելը»,– ասաց Սոֆյանը։
Ըստ նրա` Մեքքայի եռաչափ մոդելը կօգտագործվի որպես Tawasol ընկերության կողմից մշակվող իսլամի սուրբ գրքի` Ղուրանի բջջային տարբերակի ինքնատիպ իլյուստրացիա։
2012թ.–ին «Լոկատոր» ՓԲԸ–ն գործարկեց Earth.Locator.am նախագիծը, որի նպատակն է Google Earth համակարգում քաղաքների և հանրապետության բնակեցված կետերի եռաչափ (3D) մոդելավորման օգնությամբ Հայաստանը ներկայացնելը։ Նախագծի հիմնական նպատակներից մեկը ազգային PR–ն է, մասնավորապես` տուրիստական։ Երևանի եռաչափ մոդելին արդեն հնարավոր է ծանոթանալ Earth.Locator.am կայքում։
«Լոկատոր» ՓԲԸ–ի հիմնական գործունեությունը աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների (GIS) ոլորտում ծրագրային ապահովման մշակումն է։ Ընկերությունը մշակում և կյանքի է կոչում առևտրի և արդյունաբերության տարբեր բնագավառների համար նախատեսված ծրագրային արտադրանքներ` հաշվի առնելով առանձին յուրաքանչյուր հաճախորդի գործունեության անհատականությունը։
Tawasol–ն արաբական աշխարհում բջջային հավելվածների մշակման առաջատար ընկերություններից մեկն է։ Ընկերությունը հիմնադրվել է 2007թ.–ին, կենտրոնակայանը գտնվում է Կահիրեում։ Tawasol–ի դուստր ընկերությունն է Nafithtech–ը (Սաուդյան Արաբիա)։ --0—