LiveJournal-ը տարածաշրջանային վարկանիշներ է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. LiveJournal բլոգ-ծառայությունը գրառումների տարածաշրջանային վարկանիշներ է գործարկել, հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով ծառայության ղեկավարության հաղորդագրությանը:
Հիմա LiveJournal-ի ԹՈՓ-ը դասակարգված է ըստ լեզուների (կիրիլյան և ոչ կիրիլյան), երկրների (ՌԴ, Բելառուս, Ուկրաինա) և տարածաշրջանների (Հյուսիսային Արևելյան, Սիբիր, Կենտրոնական, Հարավային, Ուրալ, Վոլժսկի):
Ինչպես կարծում են Live Journal-ում, նման դասակարգումը բլոգոլորտի ավելի հասկանալի պատկեր կներկայացնի և կթարմացնի հարթակի ընկալումը, այն նաև խթան կդառնա տարածաշրջաններում բլոգերների ակտիվության աճի համար:
«Նախկինում տարածաշրջանային բլոգերը, ով ընդհանուր վարկանիշում գտնվում էր 856-րդ տեղում, այնքան էլ չէր ձգտում հայտնվել լավագույն 100-ում, 50-ում, առավել ևս՝ տասնյակում՝ հասկանալով, որ իր բլոգի բովանդակությունը պարզապես չեն նկատի, իսկ եթե անգամ այն նկատեն, ապա տարածաշրջանային հարցերի քննարկումը սովորաբար հետաքրքիր է կոնկրետ աշխարհագրական տարածքի շրջանակում: Նոր վարկանիշի դեպքում բլոգերը հնարավորություն է ստանում նկատված լինել այն մարդկանց շրջանում, որոնց վերաբերում է բլոգի թեման (տարածաշրջանի բնակիչները)», - գրել է LiveJournal-ի կիրիլյան հատվածի ղեկավար Դմիտրի Պիլիպենկոն:
Տարածաշրջանային վարկանիշների մեխանիզմը նման է գործող ընդհանուր վարկանիշին, սակայն այդ վարկանիշներում մասնակցում են միայն այն օգտատերերը, որոնք իրենց անձնական էջում նշել են կոնկրետ տարածաշրջանը:
Այժմ տարածաշրջանային վարկանիշները բետա-տարբերակով հասանելի են այն օգտատերերի համար, ովքեր անցել են LiveJournal-ի նոր դիզայնին: Բետա-թեստավորման ավարտից հետո տարածաշրջանային վարկանիշը հասանելի կդառնա բոլոր օգտատերերին:-0-