«Յանդեքսը» «Կինոպոիսկը» կվերածի առցանց կինոթատրոնի
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի «Յանդեքս» խոշորագույն որոնողական համակարգն ամենամոտ ապագայում ծրագրում է օգտագործողի համար ևս մեկ մեդիածառայություն, այն է` առցանց կինոթատրոն ստեղծել։ Մասնավորապես, որոնողական համակարգը ծրագրում է «վերաորակավորել» «Կինոպոիսկ» պորտալն առցանց ֆիլմեր դիտելու ծառայության, գրում է planet-today.ru–ն։
Հայտնի է, որ տվյալ կինոպորտալը «Յանդեքսը» ձեռք է բերել ավելի քան հինգ ամիս առաջ։ Եվ այսօր «Կինոպոիսկը» մնում է Ռունետում ֆիլմերի որոնման, կինոյի, համաշխարհային կինեմատոգրաֆի նորույթների մասին տեղեկություն դիտելու ամենապահանջված պորտալը Ռունետում։ Սակայն «Յանդեքսը» որոշել է ավելի հեռու գնալ և զարգացնել կայքն ավելի օգտակար ուղղությամբ, հենց այդ պատճառով էլ որոշվել է կայքը վերածել առցանց կինոթատրոնի։
Առայժմ անհայտ է մնում դիտման արժեքի մասին տեղեկությունը, սակայն հայտնի է, որ «Կինոպոիսկում» դիտումն անվճար չի լինի։ Հիշեցնենք, որ Ռոսկոմնադզորն ակտիվ պայքար է սկսել ցանցահենության դեմ, հետևաբար, երկրի գլխավոր որոնողական համակարգը չի հակասի ՌԴ օրենսդրությանը, և չլիցենզավորված կինո իր պորտալներից մեկում չի ցուցադրվի։ -0-