USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Կասպերսկի Լաբորատորիա. կիբեռհանցագործները սպառնում են Հայաստանի յուրաքանչյուր երրորդ օգտատիրոջը

26.08.2016, 12:37
«Կասպերսկի Լաբորատորիայի» տվյալներով, 2016 թվականի առաջին վեց ամիսներին համացանցում վարակման ռիսկի են ենթարկվել հայաստանցի օգտատերերի 30%-ը։

Կասպերսկի Լաբորատորիա. կիբեռհանցագործները սպառնում են Հայաստանի յուրաքանչյուր երրորդ օգտատիրոջը

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Կասպերսկի Լաբորատորիայի» տվյալներով, 2016 թվականի առաջին վեց ամիսներին համացանցում վարակման ռիսկի են ենթարկվել հայաստանցի օգտատերերի 30%-ը։

Նրանցից յուրաքանչյուրին բաժին է ընկել միջին հաշվով 11 վեբ-սպառնալիք։ Տվյալները ստացվել են Kaspersky Security Network ամպային ենթակառուցվածքի օգնությամբ, որը միավորում է «Կասպերսկի Լաբորատորիայի» պաշտպանական պրոդուկտների միլիոնավոր օգտատերերի և թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում տեղեկատվություն ստանալ արդիական կիբեռսպառնալիքների մասին։

«Կասպերսկի Լաբորատորիայի» հայաստանյան ներկայացուցչության հաղորդագրության մեջ նշվում է, որ համացանցին միացած ստացիոնար և շարժական սարքերի օգտագործումը՝ լինի դա անհատական համակարգիչ, Mac օպերացիոն համակարգով աշխատող սարք, սմարթֆոն կամ պլանշետ, օգտատերերի համար հղի է տեղեկատվական սպառնալիքների տարբեր տեսակների հետ բախումով։

Կիբեռհանցագործների զինանոցում են տարբեր տեսակի վնասաբեր գործիքներ, որոնք թույլ են տալիս մուտք գործել սարքեր՝ դրանց տերերի միջոցները կամ անհատական տվյալները գողանալու համար։

Բայց եթե նույնիսկ սարքը չունի ելք դեպի համացանց, դրա վարակվելու ռիսկը մեծ է մնում։ Վնասաբեր ծրագիրը համակարգիչ կարող է թափանցել, օրինակ, շարժական կրիչների միջոցով։

Վարակման նման եղանակը, որը կոչվում է տեղային, նույնպես լուրջ սպառնալիք է Հայաստանում։ Այդ ռիսկին տարվա սկզբից ենթարկվել են օգտատերերի 61%-ի սարքերը, իսկ մեկ համակարգչում հայտնաբերվել է միջին հաշվով 22 սպառնալիք։

«Օրեցօր վնասաբեր ծրագրերի քանակն անընդհատ աճում է, և դրանք ավելի բարդ ու հզոր են դառնում։ Անհոգություն և անուշադրություն դրսևորելով ու կասկածելի վեբ-հղումով անցնելով կամ անհայտ ուղարկողի նամակին կցված նիշքը (ֆայլ) բացելով` օգտատերը ռիսկ է անում իր համակարգիչ ներբեռնել բազմաթիվ վնասաբեր ծրագրերից որևէ մեկը և այդպիսով վտանգի ենթարկել իր արժեքավոր տվյալները»– ասել է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիայի» պաշտոնական ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի, սպառնալիքը սարք կարող է թափանցել նաև հանվող կրիչների՝ ֆլեշների, ֆոտոխցիկների հիշողության քարտերի, հեռախոսների, արտաքին կոշտ սկավառակների միջոցով։ Համակարգչով աշխատանքի ժամանակ առաջացող ցանցային և տեղային ռիսկերից և դրանց հետ կապված խնդիրներից խուսափել կարելի է հուսալի պաշտպանական լուծման օգնությամբ, որն օժտված է նոր, դեռևս լայնորեն չտարածված սպառնալիքների հատկորոշման տեխնոլոգիաներով։  -0-