USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայ ինտերնետ օգտագործողները լատինատառ գրառումներից աստիճանաբար անցնում են հայկական այբուբենի. փորձագետ

06.02.2015, 15:47
Հայ ինտերնետ օգտագործողներն աստիճանաբար լատինատառ տեքստերից անցնում են հայատառի, ուրբաթ լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայ ինտերնետ օգտագործողները լատինատառ գրառումներից  աստիճանաբար անցնում են հայկական այբուբենի. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայ ինտերնետ օգտագործողներն աստիճանաբար լատինատառ տեքստերից անցնում են հայատառի, ուրբաթ լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Ըստ նրա` վերջին տարիներին տեխնոլոգիաների աճին և դրանց հնարավորություններին զուգահեռ ավելանում է նաև այն օգտագործողների թիվը, ովքեր ցանցերում հայերեն լեզվով հայատառ են գրում։

Նա նշեց, որ այսօր սմարթֆոնները, պլանշետները և համակարգիչներն օգտագործողներին հնարավորություն են տալիս օգտագործելու ստեղնաշարի հենց հայատառ տարբերակը։

«Եթե դեռ երկու տարի առաջ Հայաստանում լայն տարածում ունեցող Google որոնողական համակարգում առավել հաճախակի հարցումների թվում գերակշռում էին լատինատառ հարցումները, ապա այսօր հայկական տառերով հարցումները նմանատիպ լատինատառ հարցումներից տասն անգամ ավելի են»,– ասաց Մարտիրոսյանը։

Ինչպես նշեց փորձագետը, դրան զուգահեռ ցանցում պահպանվում են տեքստերի գրության զանազան ոճեր` սկսած լատինատառից և կիրիլիկից մինչև ամբողջ տեքստը մեծատառերով կամ առանց կետադրական նշանների գրելը։

Ըստ նրա` յուրաքանչյուր օգտագործող ինքն է ընտրում ոճը, սակայն պետք է հիշել, որ զանգվածային ընթերցողը, այնուամենայնիվ, գերադասում է լեզվին համապատասխանող այբուբենով գրված գրագետ տեքստ։

Մարտիրոսյանը միաժամանակ ընդգծեց, որ եթե սովորական օգտվողը կարող է թույլ տալ իրեն գրել լատինատառ կամ կիրիլիկ, ապա նման մոտեցումը միանգամայն անթույլատրելի է պետկառույցների համար, որոնք պարտավոր են օգտագործել ազգային լեզուն։ -0-