Ինտերնետ տրաֆիկի վերահսկողությունը հետընթաց է, և Հայաստանը դժվար թե կիրառի դա. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /ԱՌԿԱ/. Ինտերնետ տրաֆիկի վերահսկողությունը հետընթաց է, և Հայաստանը դժվար թե կիրառի դա, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը։
Չորեքշաբթի «Վեդոմոստին», հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Ռուսաստանի կապի և հաղորդակցության նախարարությունը Ռուսաստանի տարածքում ինտերնետ տրաֆիկի պետական վերահսկողության մասին օրինագիծ է նախապատրաստել։ Այսպիսով, ծրագրվում է ապահովել Ռունետի անվնտանգությունը, մասնավորապես, պահպանել այն արտաքին գրոհներից։
Օրինագծում առաջարկվում է ստեղծել «համացանցի գլոբալ նույնականացուցիչների և գլոբալ հասցեականության ռեսուրսների օգտագործման» մոնիթորինգի պետական համակարգ։ Այդ համակարգը նաև պետք է հետևի Ռունետի ենթակառուցվածքի կրիտիկական տարրերի աշխատանքին։
«Ինտերնետ տրաֆիկի վերահսկողությունն առհասարակ ցանկալի չէ, քանի որ խոչընդոտում է տեղեկատվության ազատ ստացմանը։ Դա ընդունելի է միայն այն դեպքում, եթե այդպիսով լուծվում են անվտանգության հարցերը»,– ընդգծեց Ենգիբարյանը, հիշեցնելով, որ որոշ երկրներ, օրինակ, Իրանը, Սաուդյան Արաբիան ֆիլտրում են ինտերնետ տրաֆիկը։
Նա միաժամանակ ավելացրեց, որ ինտերնետ տրաֆիկի վերահսկողությունը Ռուսաստանում որևէ կերպ չի անդրադառնա Հայաստանի վրա, քանի որ այն ոչ թե ռուսական, այլ համաշխարհային ինտերնետ ցանցի մաս է։ -0-