LinkedIn սոցիալական ցանցի օգտատերերի քանակը հասել է 200 միլիոնի
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. LinkedIn սոցիալական ցանցի լսարանը հասել է 200 միլիոնի։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել ծառայության բլոգում։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ցանցից օգտվում են 200 երկրի բնակիչներ, ովքեր խոսում են 19 լեզվով։ LinkedIn–ից օգտվողների մեծ մասը ԱՄՆ–ից են` 74 միլիոն, Հնդկաստանից` 18 միլիոն, Բրազիլիայից և Մեծ Բրիտանիայից` 11 միլիոն, գրում է lenta.ru–ն։
LinkedIn–ի համար 2012 թվականին ամենաարագ զարգացող շուկա են դարձել Թուրքիան, Կոլումբիան, Ինդոնեզիան։ Բջջային տարբերակում սոցցանցում իրենց ներկայությունն են ավելացրել Չինաստանի, Բրազիլիայի, Պորտուգալիայի, Հնդկաստանի և Իտալիայի օգտատերերը։
LinkedIn–ի օգտատերերի մեծ մասն իրենց աշխատավայր են նշել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը` 4 միլիոն, և ֆինանսական ծառայությունները (2,03 միլիոն)։Սոցցանցի օգտատերերի առաջին հնգյակը գլխավորել է Virgin կորպորացիայի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը։ Նա ավելի մեծ ճանաչում է վայելում, քան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որին հաջորդում են գրող Դիպակ Չոպրան, գործարար Էնթոնի Ռոբինսը և LinkedIn–ի ղեկավար Ջեֆ Վայները։
LinkedIn ցանցը գործարկվել է 2003 թվականին։ Այն թույլ է տալիս տեղադրել ինքնակենսագրությունն ու հրապարակել թափուր հաստիքներ, ինչպես նաև` գործարար կապեր հաստատել։
2012 թվականին սոցցանցը ներկայացրեց ամենապահանջված գործատուներին։ Ցուցակը գլխավորում էին Google–ը, Apple–ը և Microsoft–ը։--0--