USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

ICANN–ը պաշտոնապես գրանցել է .հայ (.hay) հայալեզու դոմենը, գործարկումը նախատեսված է 2015թ.–ին

25.11.2014, 18:01
ICANN միջազգային կազմակերպությունը (Internet Corporation for Assigned Names and Numbers) պաշտոնապես գրանցել է .հայ (.hay) հայալեզու դոմենը, որի գործարկումը նախատեսված է 2015թ.–ին, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի նախագահ Գրիգորի Սաղյանը։
ICANN–ը պաշտոնապես գրանցել է .հայ (.hay) հայալեզու դոմենը, գործարկումը նախատեսված է 2015թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ICANN միջազգային կազմակերպությունը (Internet Corporation for Assigned Names and Numbers) պաշտոնապես գրանցել է .հայ (.hay) հայալեզու դոմենը, որի գործարկումը նախատեսված է 2015թ.–ին, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի նախագահ Գրիգորի Սաղյանը։

ICANN միջազգային կազմակերպությունը (Internet Corporation for Assigned Names and Numbers) նոյեմբերի 20–ին դրական որոշում է կայացրել .հայ (.hay) դոմենի գրանցման երկրորդ փուլի կապակցությամբ։ Ինչպես հաղորդվում է ICANN–ի կայքում, այս պահին .հայ (.hay) դոմենը հաջողությամբ անցել է տեխնիկական և լեզվաբանական չափորոշիչների համապատասխանության փուլը (String Evaluation)։

«.հայ հայալեզու դոմենի գոտին պաշտոնապես հաստատվել է, և դրա գործարկման համար կպահանջվի մոտ 3–6 ամիս», – ասաց Սաղյանը։

Նա նաև նշեց, որ գնային քաղաքականությունը դեռ չի որոշվել, սակայն .հայ (.hay) դոմենում նոր ռեսուրսը հնարավոր կլինի գրանցել նույն մեխանիզմով, ինչ .am–ը։

Պատասխանելով այն հարցին, թե որքա՞ն արժեցավ երկրի դոմենի գրանցումը, Սաղյանը նշեց, որ երկրի բարձրագույն մակարդակի դոմենի գրանցման արժեքը կազմում է 186 հազար դոլար, ևս` 26 հազար տարեկան դոմենի սպասարկման համար։

«Սակայն ICANN–ը ճկուն համակարգ է կիրառում, այդ թվում նաև Հայաստանի նման փոքր երկրների համար։ Արժեքը վերջնական որոշված չէ, նախատեսվում է, որ այն կկազմի մի քանի հազար դոլար», – ասաց Սաղյանը։

Նրա խոսքով` հայալեզու դոմենի առկայությունը կդառնա ևս մի ռեսուրս ոչ միայն Հայաստանում այլ նաև սփյուռքում հայոց լեզվի առաջխաղացման և ավելի լայն կիրառման համար։

Ինչ վերաբերում է ռեսուրսի զարգացմանը, ապա ինչպես նշեց փորձագետը, տարբեր երկրներում գործընթացն իրականացվում է տարբեր կերպ, օրինակ` Ռուսաստանում .рф կիրիլյան դոմենի գործարկման դեպքում միայն առաջին մի քանի ամսում գրանցվել էր մոտ 800 հազար կայք։

ICANN–ի ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային ստորաբաժանման ղեկավար Սիրանուշ Վարդանյանն իր հերթին նշեց, որ այսօր աշխարհում մոտ 35 երկիր կամ լեզվական խումբ ունեն իրենց դոմեններն ազգային լեզվով, որոնց թվում են նաև Չինաստանը, որն առաջին գործարկողներից է եղել, Հնդկաստանը, Շրի–Լանկան, Բանգլադեշը, Թայվանը։ Իսկ Հայաստանին ավելի մոտ գտնվող երկրների թվում ազգային դոմեններ են գործում վրացերենով և արաբերենով։

«Մենք հույս ունենք, որ հաշվի առնելով օգտատերերի աճի դինամիկան և համացանցի ակտիվ զարգացումը` Հայաստանում կգրանցվի դոմենների թվի աճ, այդ թվում նաև ազգային լեզվով», – ասաց Վարդանյանը։

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Ինտերնետ հանրություն» ՀԿ–ն դեռ տարեսկզբին դիմել էր ICANN` դոմեն գրանցելու համար։ Ընդ որում տարեսկզբին տեղի էր ունեցել գրանցման արդեն առաջին փուլը։

Դոմենային անունը դեռ մինչև վերջ գրանցված չէ, փաստացի կատարվել է միայն տառերի զուգակցման ամրագրումը։ .հայ (.hay) դոմենի գրանցման գործում վերջակետ պետք է դնի ԱՄՆ առևտրի նախարարությունը գրանցման հայցին հավանություն տալու միջոցով, ինչից հետո երրորդ փուլը` «String Delegation»–ը, ամբողջովին ավարտված կլինի։

Հայալեզու դոմենը կգործի .am դոմենի հետ զուգահեռ, որն արդեն լիարժեք գործում է։

Բազմաթիվ երկրներ արդեն ունեն սեփական դոմեններ։ Վերջերս .рф գոտում դոմենային անուն է օգտագործվում Ռուսաստանում։

2013 թ.–ի վերջի տվյալներով` .am դոմենային գոտում գրանցված է ավելի քան 21 հազար կայք։–0–