Home Depot առևտրային ցանցը հաճախորդների 53 մլն e-mail–ների արտահոսքի մասին հայտարարություն է հրապարակել
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Home Depot ամերիկյան առևտրային ցանցը նախազգուշացնում է, որ կիբեռհանցագործների ձեռքն են անցել ընկերության հաճախորդների 53 միլիոն էլեկտրոնային հասցեներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Սեպտեմբերի կեսերին ընկերությունը հայտնել է, որ վճարային համակարգը կոտրելուց հետո չարագործների ձեռքը կարող էր ընկնել 56 միլիոն բանկային քարտ։
Ինչպես պարզվել է լրացուցիչ ուսումնասիրության ընթացքում, ցանցահենները գրոհի ժամանակ կարողացել են հասնել նաև այն ֆայլերին, որոնցում 53 միլիոն էլեկտրոնային հասցե էր պահվում։ Իր հայտարարությունում ընկերությունը նշում է, որ գողացված ֆայլերը գաղտնաբառեր, վճարային քարտերի մասին տվյալներ և այլ խիստ անձնական տվյալներ չեն պարունակել։
Home Depot–ը միաժամանակ նախազգուշացնում է, այն հաճախորդները, որոնց հասցեները հայտնվել են ցանցահենների մոտ, կարող են ֆիշինգի կամ այլ տեսակի խարդախության օբյեկտ դառնալ։ Ավելի վաղ փորձագետները հայտարարել են, որ կիբեռգրոհը կարող էր իրականացվել Հյուսիսային Եվրոպայից։
Home Depot–ն աշխարհում նորոգման և շինարարական ապրանքների վաճառքի խոշորագույն ցանց է։ 2013 թվականի արդյունքներով, վաճառքների ծավալը կազմել է 78.8 միլիարդ դոլար։ Ընկերությունում աշխատում են ավելի քան 300 հազար աշխատողներ։ -0-