ՀՀ ԿԸՀ–ն ընտրացուցակների ստուգման պարզեցված համակարգ է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր պաշտոնական www.elections.am կայքում ընտրական ցուցակների ստուգման պարզեցված համակարգ է գործարկել, երեքշաբթի տեղեկացրեց Հանձնաժողովի ղեկավար Տիգրան Մուկուչյանը։
«Համակարգն արդեն մի քանի օր է գործում։ Դրա օգնությամբ, հասցեատիրոջ անուն և ազգանունը գրելով, հնարավոր է լիարժեք տեղեկատվություն ստանալ տվյալ հասցեով գրանցված անձի վերաբերյալ»,– ասաց Մուկուչյանը։
ԿԸՀ ղեկավարը նշեց, որ վերջին շրջանում շատ հաճախ է խոսվում ընտրողների ցուցակների մասին, և համակարգը թույլ կտա յուրաքանչյուրին լիովին հետևել ցուցակներին, իսկ անհրաժեշտության դեպքում` դիմել հանրապետության համապատասխան մարմիններին` անհրաժեշտ ճշտումներ անելու համար։
Ըստ Մուկուչյանի` ընտրական ցուցակների ստուգման համակարգը նախկինում նույնպես եղել է, մասնավորապես` ՀՀ ոստիկանության կայքում, սակայն այնտեղ կոնկրետ հասցեով գրանցված անձանց մասին տեղեկատվության որոնումն իրականացվում է ֆայլի ներբեռնմամբ, որն ավելի շատ ժամանակ է պահանջում։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—