USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+1

ՀՀ ԳԱԱ-ն կթվայնացնի Անանիա Շիրակացու աշխատությունները

26.07.2012, 15:21
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայն մտադիր է թվայնացնել և ինտերնետում տեղադրել 7-րդ դարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու աշխատությունները, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայկական աստղագիտական միության փոխնախագահ Արեգ Միքայելյանը:
ՀՀ ԳԱԱ-ն կթվայնացնի Անանիա Շիրակացու աշխատությունները
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայն մտադիր է թվայնացնել և ինտերնետում տեղադրել 7-րդ դարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու աշխատությունները, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Հայկական աստղագիտական միության փոխնախագահ Արեգ Միքայելյանը:

Նրա խոսքով, թվայնացումը կանցկացվի Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

«Միջոցառումների անցկացմանը, որի շրջանակներում ծրագրված է նաև մեծ գիտնականի աշխատությունների թվայնացումը, հանրապետության կառավարությունն արդեն անհրաժեշտ միջոցներ է հատկացրել: Հայաստանի ֆունդամենտալ գրադարանն արդեն անցել է գործի, որի ավարտին գիտնականի աշխատությունները կտեղադրվեն ինտերնետում»,- ասաց Միքայելյանը` չնշելով հատկացված գումարի չափը:

Ըստ նրա, Հայաստանի ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանը մտադիր է աշխատանքներն ավարտել այս տարեվերջին:

Միքայելյանը հայտնեց նաև, որ «Մատենադարան» հնագույն ձեռագրերի պահոցում գտնվող աշխատությունների մի մասն արդեն թվայնացվում է: Նա հույս հայտնեց, որ այդ նյութերն էլ կարող են տեղադրվել հատուկ ինտերնետ ռեսուրսում:

Միքայելյանն ասաց, որ Շիրակացու հոբելյանի տոնակատարության շրջանակներում Հայաստանի գիտությունների ակադեմիայի կողմից հրատարակվող «Գիտության աշխարհում» գիտական ամսագրի համարներից մեկն ամբողջությամբ նվիրված կլինի մեծ գիտնականի կյանքին ու գործունեությանը:  

Անանիա Շիրակացին հայ ականավոր փիլիսոփա, մաթեմատիկոս, աստղագետ ու աշխարհագրագետ է: «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», «Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատությունների հեղինակ է:

Շիրակացու հոբելյանական տոնակատարությունների ծրագիրը նախատեսված է 2012-2013 թվականներին: -0-