Հայաստանում .am գոտում ավելի քան 21 000 դոմեն է գրանցված
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում այսօրվա դրությամբ 21 500 դոմեն է գրանցված հայկական .am գոտում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը։
«Սա շատ փոքր թիվ է, եթե համեմատենք մեզ հետ նույն քաշային կատեգորիայում գտնվող այնպիսի պետությունների հետ, ինչպիսիք են Լիտվան, Լատվիան, Էստոնիան։ Այս երկրներում իրենց գոտում գրանցված դոմենների թիվը գերազանցում է 100 հազարը», – ասել է Սաղյանը։
Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանը տարածաշրջանում այս ցուցանիշով առաջատարն է։ Այսպես, Վրաստանում գրանցված է շուրջ 14000 հազար դոմեն, Ադրբեջանում` 12–15 հազար։
Սաղյանը նաև տեղեկացրել է, որ .am դոմենների օտարերկրյա և տեղական տերերի մասնաբաժինը մոտավորապես հավասար է։
«.am գոտում դոմենների թիվը տարեցտարի աճում է։ Եթե 2000 թ.–ին գործում էր ընդամենը 616 դոմեն, որը բավականին ծիծաղելի թիվ է այսօրվա տվյալների համեմատ, ապա 2004 թ.–ին այդ թիվը հասել է 3576–ի, 2009 թ.–ին` 12125–ի, իսկ այս տարի գերազանցել է 20,5 հազարը», – ասել է նա։
Այսօրվա դրությամբ Հայաստանում .am գոտում դոմեն ունենալու տարեկան վճարը կազմում է 12 հազար դրամ (շուրջ 30 դոլար)։ -0—