USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանում 2013թ.–ին ավելի քան 20 քրեական գործ է հարուցվել կիբեռհանցագործությունների փաստով

15.04.2013, 20:38
Հայաստանում 2013 թվականին ավելի քան քսան քրեական գործ է հարուցվել կիբեռհանցագործությունների փաստով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ, ավագ լեյտենանտ Անդրեյ Յաշչյանը։
Հայաստանում 2013թ.–ին ավելի քան 20 քրեական գործ է հարուցվել  կիբեռհանցագործությունների փաստով
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2013 թվականին ավելի քան քսան քրեական գործ է հարուցվել կիբեռհանցագործությունների փաստով, երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ մասնագետ, ավագ լեյտենանտ Անդրեյ Յաշչյանը։

«Հանցագործությունները տարբեր բնույթ են կրում` սկսած սոցիալական ցանցերի անձնական անկետաներից և ավարտած համակարգչային լուրջ խարդախություններով և դրամական միջոցների հափշտակումով»,– ասաց Յաշչյանը` ավելացնելով, որ քրեական գործերի թիվը 2012 թվականին հասել է 40–ի։

Ըստ նրա, վերջին տարիներին լայն տարածում են գտել անձնական տեղեկությունները չհրապարակելու համար կամ արատավորող տեղեկություն տարածելու սպառնալիքով փող կորզելու դեպքերը։

Մասնավորապես, Յաշչյանը հայտնեց, որ նախորդ տարի գրանցվել է մի դեպք, երբ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի օգտագործողը կեղծ պրոֆիլով կապ է հաստատել կանանց հետ և նրանցից 200 հազար դրամ պահանջել` սպառնալով հրաժարվելու դեպքում արատավորող լուրեր տարածել նրանց ընտանիքների անդամների կամ ընկերների շրջանում։

«Իրականացված միջոցառումների արդյունքում մենք հայտնաբերեցինք, որ խարդախն իր պատիժն էր կրում Հրազդան քաղաքի քրեակատարողական ուղղիչ հաստատությունում։ Ավելին` մեզ հայտնի դարձավ 50–ից 300 հազար դրամի կորզման այլ դեպքերի մասին»,– ասաց Յաշչյանը։
 
Մեկ այլ դեպքում խարդախը ծանոթ կնոջից պահանջել է 2000 դոլար, կինն էլ վճարել է։ Այս դեպքում, ավագ լեյտենանտի խոսքով, գործել է հանցավոր խմբավորում, որի անդամներից մեկը կապ է պահել տվյալ կնոջ հետ շահադիտական նպատակներով։

Մի դեպքում էլ հանցագործը գողացել է նույն սոցիալական ցանցի օգտագործողների անձնական տվյալները` ստեղծելով «Օդնոկլասնիկի»–ի մուտքի էջի ճիշտ կրկնօրինակը։ Միաժամանակ, ի տարբերություն իր պակաս «իրազեկ գործընկերների», հատուկ կոդի` սքրիպտի միջոցով նա հղել է օգտագործողներին իրենց անձնական էջեր` միաժամանակ պահպանելով անձնական տվյալները` մուտքանունն ու գաղտնաբառը։ Այդ տվյալները չհրապարակելու համար նա զոհերից պահանջել է 16 հազարական դրամ։  

Յաշչյանն ընդգծեց, որ բաժնում բազմաթիվ բողոքներ են ստացվում քաղաքացիներից այն մասին, որ սոցցանցերում գողանում են իրենց անձնական տվյալները և լուսանկարները, և դրանց հիման վրա հայտնվում են նյութեր, որոնք զրպարտություն և իրենց պատիվն ու արժանապատվությունն  արատավորող տարրեր են պարունակում։ Այս կապակցությամբ նա հայտնեց, որ 2010 թվականի մայիսի 18–ից «Զրպարտություն» և «Վիրավորանք» ՀՀ ՔՕ 135–րդ և 136–րդ հոդվածները կորցրել են ուժը, և նրանց բաժինն այլևս նման գործերով չի զբաղվում։

Մասնագետի խոսքով, այժմ այդ սահմանումները ներկայացված են Քաղաքացիական օրենսգրքում և նախատեսում են պատիժ բարոյական վնասի փոխհատուցում` մինչև 2 մլն դրամի չափով։ -0-