Սպիվակովի` Հայաստանի երկրաշարժից տուժածներին օգնության նպատակով կազմակերպված համերգի հազվագյուտ ձայնագրությունը կհայտնվի iTunes-ում
ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Մելոդիա» ընկերությունը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի հոբելյանի կապակցությամբ, ով սեպտեմբերի 12-ին կդառնա 70 տարեկան, iTunes-ում կտեղադրի երաժիշտի ձայնագրությունների 20 հազվագյուտ ալբոմները, «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Կրիչևսկին:
Վլադիմիր Սպիվակովը խորհրդային և ռուս դիրիժոր է, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահն է: «Մելոդիա» ընկերությունը հիմնադրվել է 1964 թ.-ին, այն միավորում է Մոսկվայի, Լենինգրադի, Տալլինի, Ռիգայի, Վիլնյուսի, Թբիլիսիի, Ալմաթիի և Տաշքենդի ձայնագրման ստուդիաները:
«Սեպտեմբերին մշակութային աշխարհը շնորհավորելու է մաեստրո Վլադիմիր Սպիվակովի հոբելյանը, և մենք չկարողացանք չանդրադառնալ այդ իրադարձությանը: Այդ կապակցությամբ մենք փնտրում էինք Վլադիմիր Սպիվակովի հազվագյուտ ձայնագրությունները՝ իմանալով, որ «Մելոդիա» ընկերության արխիվում կարելի է իսկական երաժշտական գանձեր գտնել», - ասել է Կրիչևսկին:
Նրա խոսքերով՝ արդյունքում ընտրվեցին 20 հազվագյուտ ալբոմներ, որոնք ընդգրկում են մաեստրոյի ողջ ստեղծագործական գործունեությունը (1970-ից մինչև 2013 թ.-ը):
«Եվ ինչպես ցանկացած հավաքածուում, այս ընտրանու մեջ էլ մարգարիտներ կան: Դա ջութակի կոնցերտների ձայնագրությունն է, որտեղ երիտասարդ մենակատար Վլադիմիր Սպիվակովը նվագում է Մոսկվայի Ռուդոլֆ Բարշայի կամերային նվագախմբի հետ, Ռոդիոն Շչեդրինի «Երաժշտություն Կյոտեն քաղաքի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան է, 1988 թ.-ին Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին օգնության նպատակով կազմակերպված բարեգործական համերգի հազվագյուտ ձայնագրությունը և Խիբլա Գերզմավի ալբոմը, որը «Մելոդիա» ընկերությունը թողարկել է այս գարնանը», - պարզաբանել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ Բարշայի հետ Սպիվակովի ալբոմն արդեն հասանելի է iTunes-ի նախապատվերների բաժնում, առաջին իսկ օրը այդ ալբոմն հայտնվել է թոփ-ցանկերում: Սկավառակի վաճառքները կսկսվեն սեպտեմբերի 12-ին՝ Սպիվակովի ծննդյան օրը:-0-