Հայ հակերները կոտրել են մի շարք թուրքական կայքեր Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Armenian Cyber Army հայկական հակերական խումբը կոտրել է մի շարք թուրքական կայքեր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 99–րդ տարելիցի կապակցությամբ։
Ինչպես տեղեկացրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սկսած ապրիլի 23–ի երեկոյից հայկական հակերական խմբի կողմից կոտրվել է ավելի քան տասը թուրքական կայք։
Կոտրված կայքերում տեղադրվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչեր։
«Թուրք և ադրբեջանցի հակերների կողմից դեռ պատասխան արձագանք չի գրանցվել», – նշել է Մարտիրոսյանը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-