USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանին հաջողվեց դիմակայել թուրք և ադրբեջանցի հակերների ակտիվ գրոհներին. փորձագետ

27.04.2015, 15:53
Հայաստանին հաջողվեց դիմակայել ակտիվ հակերական գրոհներին, որոնք կազմակերպվել էին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, երկուշաբթի լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հայաստանին հաջողվեց դիմակայել թուրք և ադրբեջանցի հակերների ակտիվ գրոհներին. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանին հաջողվեց դիմակայել ակտիվ հակերական գրոհներին, որոնք կազմակերպվել էին Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ, երկուշաբթի լրագրողներին ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Կիբերտարածքի գրոհներն այնքան էլ ուժեղ չէին, ինչպես մենք ակնկալում էինք, չնայած, որ թուրքական կողմը դրա համար մեծ ջանքեր էր գործադրել», – ավելացրեց Մարտիրոսյանը։

Նրա տվյալներով` թուրքական և ադրբեջանական հակերական խմբերի կողմից անցկացվել է համատեղ խոշոր հակերական ակցիա, որի ժամանակ կոտրվել է մոտ 250 կայք։ «Հարցն այն է, որ դրանք հայկական կայքեր չէին, և այդ ակցիայի հետևանքները, ես կարծում եմ, չկարողացան որևէ կերպ ազդել տեղեկատվության հավաստիության վրա», – ավելացրեց նա։

Նրա խոսքերով` վերջին օրերի ընթացքում մի քանի ադրբեջանական հակերական խմբավորումներ կոտրել են տասնյակ հայկական կայքեր, որոնց մեծ մասը մեծ ճանաչում չունի։

«Առավել վտանգավոր էին մի շարք հայկական կայքեր արգելափակելու` թուրք հակերների փորձերը, ինչը կարող էր հանգեցնել լուրջ համակարգային խափանումների` ընդհուպ մինչև դրանց աշխատանքի դադարեցում», – նշեց փորձագետը։

Ինչպես նշեց Մարտիրոսյանը, հակերական գրոհների պատճառով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի պաշտոնական կայքը ևս որոշ ժամանակ դժվարությամբ էր աշխատում, սակայն, բարեբախտաբար, հաջողվեց արագ վերացնել բոլոր խափանումները։ «Դա, փաստորեն, ամենալուրջ գրոհներից էր, քանի որ էջը ցեղասպանության մասին տեղեկատվության հիմնական աղբյուրն էր», – ընդգծեց փորձագետը։

Նա նաև նշեց, որ թուրքական հակերական խմբավորումը հայտարարել է, որ շարքից հանել է մի շարք հայկական կայքեր, մասնավորապես` ՀՀ պաշտպանության և արտգործնախարարության կայքերը։ «Անձամբ ես չեմ հավատում այս տեղեկատվության իսկությանը, քանի որ այս աղբյուրների աշխատանքի հետ կապված ոչ մի խնդիր չի նկատվել», – նշեց Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը նաև ընդգծեց, որ հակերական գրոհներում հաճախ կարևոր դեր է խաղում PR–ը, կայքերի վրա կատարված հաջողված գրոհի մասին ԶԼՄ–ներում տարածված հայտարարություններից հետո դժվար է ապացուցել, որ իրականում նման միջադեպ չի եղել։

«Մյուս կողմից վերջին մի քանի օրերին զգալիորեն ակտիվացել են հայկական հակերական խմբավորումները, որոնց հաջողվել է կոտրել մոտ հազար թուրքական կայքեր, ինչպես նաև իրականացնել մի շարք գրոհներ թուրքական հակահայկական կայքերի վրա», – ավելացրեց Մարտիրոսյանը։

Նրա խոսքերով` թուրքական կողմը շատ սեղմ ժամկետներում ստեղծեց Հայոց ցեղասպանությունը հերքող կայք, որը գովազդելու համար ծախսվել են բավականին մեծ միջոցներ` ցեղասպանությամբ հետաքրքրվող անձանց շրջանում թրքամետ տեսակետ քարոզելու նպատակով։

«Ընդհանուր առմամբ կարելի է նշել, որ այս անգամ կիբերտարածքում հայկական կողմի ակտիվությունը շատ ավելի մեծ էր, քան թուրքական կողմինը, և Հայաստանը պատրաստ էր ցանկացած տեսակի հակերական գրոհի` հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։ Հայկական կայքերի նորմալ աշխատանքն ապահովելու համար, կարելի է ասել, գերջանքեր են գործադրվել», – նշեց Մարտիրոսյանը։

Հայաստանում և աշխարհի մի շարք այլ երկրներում ապրիլի 24–ին նշում են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցը։ Հիմնական միջոցառումներն անցկացվել են առավոտյան Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում Հայաստանի գերագույն ղեկավարության և տասնյակ երկրների բարձրաստիճան պատվիրակությունների, այդ թվում` խորհրդարանների, կառավարությունների ներկայացուցիչների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և դեսպանների մասնակցությամբ։ Արարողությանը հրավիրված էին Ռուսաստանի, Ֆրանսիայի, Կիպրոսի և Սերբիայի նախագահներ։ –0–