Գորիսում բացվել է երկրորդ Թումո տուփը
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Գորիսում բացվել է երկրորդ ԹՈՒՄՈ տուփը, որը հասանելի կդառնա մինչև 400 պատանիների։ Այս մասին հայտնում են Թումո կենտրոնից։
Կենտրոնի տեղեկացմամբ, Կալիֆոռնիայի տարբեր բուհերում սովորող հայ ուսանողներին սյունիքցի պատանիներին նորարարական կրթությամբ ապահովելու գաղափարի շուրջ համախմբելով՝ ALL-ASA-ն Գորիսի երկրորդ տուփի համար հավաքել է $30,000, իսկ Rev and Rachel հիմնադրամն առատաձեռնորեն տրամադրել է տուփի բացման համար անհրաժեշտ մնացյալ ամբողջ գումարն ու իրականություն դարձրել այս կարևորագույն նպատակը։
«Գորիսի երկրորդ Թումո տուփն ինքնին ապացույց է նրա, թե որքան անհրաժեշտ և սպասված է թումոյական կրթությունն այստեղ։ Քաղաքի առաջին Թումո տուփում սովորելու համար գրանցվել էին գրեթե երկու անգամ ավելի շատ պատանիներ, քան մեկ տուփը կարող էր սպասարկել», - հաղորդել է կենտրոնը։
Յուրաքանչյուր Թումո տուփ իրենից ներկայացնում է անհրաժեշտ բոլոր տեխնոլոգիաներով զինված ժամանակակից կրթական միջավայր, որտեղ Թումոյի՝ կյանքեր փոխող կրթությունը հասանելի է դառնում շաբաթական մինչև 400 պատանիների։
Նշվում է, որ այս կարևորագույն ձեռքբերումը հնարավոր է դարձել Ամերիկահայ ուսանողների միության (ALL-ASA) անսպառ վճռականության և Rev and Rachel հիմնադրամի նվիրվածության շնորհիվ։