Google-ի քարտեզներում հայտնվել են տասնյակ նոր ստորջրյա համայնապատկերներ
ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի. /ԱՌԿԱ/. Հունիսի 8-ին աշխարհը նշում է Օվկիանոսների համաշխարհային օրը, և այդ առիթով Google Maps քարտեզագրական ծառայությունը օգտատերերին ուրախացրեց` զգալիորեն ընդլայնելով դիտման համար հասանելի ստորջրյա կյանքի համայնապատկերների թիվը։
Ինչպես հաղորդվում է կազմակերպության բլոգում, ստորջրյա նկարահանումներն իրականացվել են ոչ միայն զվարճանքի, այլև գիտական նպատակներով. կլիմայի փոփոխությունները զգալի ազդեցություն են գործում Համաշխարհային օվկիանոսի վրա, իսկ նկարահանման հատուկ սարքավորումների օգնությամբ հետազոտողները կարող են հետևել ստորջրյա միջավայրի փոփոխություններին։
Նկարահանումներն իրականացվել են Սամոա և Չագոս արշիպելագներում, Բալիում, Բահամներում, ինչպես նաև Մեծ արգելախութում։ Ընդհանուր առմամբ Google–ի ստորջրյա համայնապատկերների հավաքածուն ավելացել է ավելի քան 40 գրառումներով, որոնց կարելի է ծանոթանալ հատուկ Maps ծառայության էջում։
https://www.google.com/maps/views/streetview/oceans?gl=us
Նոր համայնապատկերներում կարելի է տեսնել բազմաթիվ ծովային բնակիչների։ Օրինակ` կադրի մեջ են մտել սապատավոր կետը, մեծ սպիտակ շնաձուկը և լուսնաձուկը։
Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Google Maps ծառայությունն առաջարկեց օգտատերերին վիրտուալ շրջագայություն կատարել Լիվա անապատով։ Այդ համայնապատկերի նկարահանումը կատարվել էր տեսախցիկի օգնությամբ, որը տեղադրված էր Ռաֆիա անունով ուղտի մեջքին։ -0-