Google–ն օդապարիկների միջոցով Ինտերնետով կապահովի Շրի Լանկան
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի. /ԱՌԿԱ/. Google ընկերությունը ծրագրում է գերարագ Ինտերնետով ապահովել Շրի Լանկայի բնակիչներին, հայտնում է Lenta.ru–ն` հղում անելով Yahoo News–ին։
Ցանց մտնել հնարավոր կլինի Հնդկական օվկիանոսի վրայով բաց թողած օդապարիկների օգնությամբ` Google Loon մեթոդիկայի կիրառմամբ։
Այսպիսով` Շրի Լանկան կդառնա Հարավային Ասիայի` ամբողջական ինտերնետ–ծածկույթով առաջին երկիրը։
Օդապարիկներին կմիանան նաև տեղական ինտերնետ–պրովայդերները, ինչի շնորհիվ կմեծանա մատուցվող ծառայությունների որակն ու արագությունը։
Մինչև 2013 թվականի մարտն օդապարիկների նախապատրաստումն ամբողջովին կավարտվի։ Դրանք կբարձրացվեն առևտրային օդանավերի թռիչքի մակարդակը գերազանցող բարձրության վրա։
Շրի Լանկայի բնակիչներին Ինտերնետով ապահովելը Project Loon ծրագրի մի մասն է, որի շրջանակում Google ընկերությունն Ինտերնետով ապահովում է արևային մարտկոցներից սնվող բարձրտեխնոլոգիական սարքերով զինված օդապարիկներից։ Ընկերությունից հայտնում են, որ նախագիծը թույլ կտա միանալ ցանցին Երկրի ամենադժվարհասանելի կամ աղքատ տարածաշրջանների բնակիչներին։ Ւնտերների արագությունը կլինի այնպիսին, ինչպիսին երրորդ սերնդի բջջային ցանցերում է։
Project Loon–ի թեստային փորձարկումներն անցկացվել են Նոր Զելանդիայում 2013 թվականին։ Google–ը Քենթերբերի տարածաշրջանում բաց է թողել 30 օդապարիկ, որոնք Ինտերնետով են ապահովել տեղի բնակիչների թվից 50 կամավորների։
Շրի Լանկայում ապրում է ավելի քան 20 մլն մարդ։ Բջջային ցանցերով Ինտերնետին է միանում 2.8 մլն օգտագործող, մինչդեռ համաշխարհային սարդոստայնի լարային հասանելիություն ունեն երկրի միայն 606 հազար բնակիչներ։ -0-