Gmail–ի օգտատերերը հնարավորություն ունեն «հետ կանչել» ուղարկած նամակները
ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Google–ը Gmail փոստային ծառայության մեջ ավելացրել է էլեկտրոնային նամակի ուղարկումը չեղարկելու ֆունկցիա։ Սյս մասին, ինչպես գրում է Лента.ру–ն, նշվում է ընկերության պաշտոնական բլոգում։
Gmail–ի միջոցով ուղարկված նամակը կարելի է հետ կանչել 5, 10, 20 կամ 30 վայրկյան հետո` ընտրելով համապատասխան ժամանակահատվածը փոստի կարգավորումների բաժնում։
Երբ օգտատերը սեղմում է «Ուղարկել» կոճակը, էկրանի վերևի մասում հայտնվում է դեղին ուղղանկյուն, և Gmail–ն առաջարկում է չուղարկել։ Այս ֆունկցիայից կարելի է օգտվել այն ժամանակահատվածի ընթացքում, որն օգտատերը նախօրոք ընտրել է։ Նամակները, որոնց ուղարկումը չեղարկվել է, պահպանվում են «Սևագրեր» թղթապանակում։
Սկզբում այս ֆունկցիան անջատված է, այն կարելի է ակտիվացնել ընդհանուր կարգավորումների բաժնում։
Վեց տարի տևած բետա–թեստավորումից հետո նամակի ուղարկումը չեղարկելու ֆունկցիան հասանելի է Gmail–ի վեբ–տարբերակի բոլոր օգտատերերի համար։ Ավելի վաղ չեղարկման կոճակից կարող էին օգտվել Gmail Labs փոստային ծառայության փորձնական տարբերակի օգտատերերը։ Ինչպես կոճակի նախորդ «սերունդը», Undo Send–ը չի կարող հետ կանչել ուղարկած նամակը փոստային սերվերներից։ Իրականում Gmail–ը չի ուղարկում նամակը, այլ պահում է իր համակարգում ընտրված ժամանակահատվածում` տրամադրելով որոշակի ժամանակ փոփոխություններ կատարելու համար։ Եթե այդ պահին բրաուզերը դադարի գործել կամ ինտերնետն անջատվի, ապա նամակը կուղարկվի։
Բջջային սարքից նամակի ուղարկումը չեղարկելու համար օգտատերը պետք է տեղադրի Inbox հավելվածը։ Gmail–ի ստանդարտ հավելվածում և բջջային տարբերակում այս ֆունկցիան հասանելի չէ։ Google–ը տեղեկացրել է, որ ուղարկումը չեղարկելու ֆունկցիան հայտնվել է Inbox–ում մայիսի 28–ին։
2015 թ.–ի մայիսի տվյալներով` Gmail–ի օգտատերերի 75 տոկոսն էլ. փոստից օգտվել է բջջային սարքերից։ Ծառայությունն ընդհանուր առմամբ ունի 900 մլն ակտիվ օգտատեր։ Այս թվերը ներկայացրել է Google–ի ապրանքների գծով ավագ փոխնախագահ Սունդար Պիչային մայիսի վերջին կայացած Google I/O–ի մշակողների համաժողովի ժամանակ։–0–