Վերլուծաբանները ներկայացրել են 2014թ. ամենավատ ինտերնետային գաղտնաբառերը
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /ԱՌԿԱ/. Ինտերնետային աքաունթների ամենաանապահով գաղտնաբառը 2014 թվականին կրկին եղել է 123456 թվերի համակցությունը։ Այդ մասին են վկայում SplashData ընկերության տվյալները, որն ամեն տարի կազմում է ամենավատ գաղտնաբառերի վարկանիշը, հաղորդում է Лента.ру-ն։
Երկրորդ տեղը կրկին զբաղեցրել է password (անգլերենից թարգմանաբար` «գաղտնաբառ») բառը։ Երրորդ տեղում, միանգամից բարձրանալով 17 կետով, 1-ից 5 թվերի հաջորդականությունն է, չորրորդ տեղում` 12345678 համակցությունը։ Հնգյակը եզրափակում է qwerty բառը։
Վերլուծաբանները նշում են, որ թվային հաջորդականությունները հայտնաբերելը կամ կոտրելը ամենահեշտ բանն է։ Առաջին 25 անապահով գաղտնաբառերի թվում դրանք տասն են։ Այդ պատճառով էլ այդ գաղտնաբառերը խորհուրդ չի տրվում օգտագործել կարևոր տեղեկատվություն պարունակող աքաունթների համար, օրինակ` էլեկտրոնային փոստի կամ առցանց բանկինգի համար։
Հաճախ անհաջող գաղտնաբառերի շարքում հանդիպում են սպորտային տերմիններ, մասնավորապես, տասնյակում հայտնվել են baseball (8-րդ տեղ) կամ football (10-րդ տեղ) բառերը, իսկ հարյուրյակում էին մարզական հայտնի թիմերի անունները` yankees, eagles, steelers, rangers և lakers։
Հաճախ օգտատերերը որպես գաղտնաբառ են օգտագործում հատուկ անունները` 20-րդ հորիզոնականում է Michael անունը, իսկ 100-րդում` Jennifer և Michelle անունները։ Եվ, ի վերջո, անապահով են նաև ծննդյան տարեթվեր պարունակող գաղտնաբառերը` 1989-ից մինչև 1992։
Վատ որոշում կլինի իբրև գաղտնաբառ ընտրել սիրելի սուպերհերոսի անունը։ Վարկանիշում 21-րդ տեղում էին superman, իսկ 24-ում` batman գաղտնաբառերը։ -0-