Facebook–ը պատրաստվում է հրապարակել տարբեր հրատարակությունների հոդվածները հենց ցանցում
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. Facebook–ը բանակցություններ է վարում տարբեր ԶԼՄ–ների հետ իրենց հոդվածները սոցցանցում տեղադրելու, այլ ոչ թե օգտատերերին պարզապես հղումներ տրամադրելու համար։ SimpleReach դիստրիբյուտորական ընկերության գործադիր տնօրեն Էդուարդ Քիմի խոսքերով` Facebook–ն այս կերպ ցանկանում է ավելացնել ներբեռնման արագությունն ու բարձրացնել ցանցի գրավչությունն օգտատերերի համար, ինչի արդյունքում շահույթ կստանա մեդիաընկերությունների հետ կնքած գործարքներից, հաղորդում է newsru.com–ը։
Սակայն հրատարակությունները չեն շտապում համաձայնել սոցցանցի առաջարկին, ազդում է սեփական կայքերում օգտատերերին պահելու քաղաքականությունը։ Բացի այդ, ԶԼՄ–ներին չի ոգեշնչում գովազդից ստացված եկամուտը Facebook–ի հետ կիսելու հեռանկարը, այն դեպքում, որ նման համաձայնագրի կնքման դեպքում հոդվածի հետ հնարավոր է տեղադրել միայն մեկ բաներ։
Ինչպես The New York Times–ին տեղեկացրել են երկու աղբյուրները, Facebook–ը հաջորդ մի քանի ամսում սկսելու է նոր ձևաչափի փորձարկումը։ Նման փորձարկմանը համաձայնել են մասնակցել The New York Times–ը, BuzzFeed–ն ու National Geographic–ը։ Սեփական նախագծի նկատմամբ հրատարակությունների հետաքրքրությունը գրավելու համար սոցցանցն առաջարկում է քննարկել նոր հնարավորությունները գովազդի համար, որը կտեղադրվի այդ հոդվածների հետ։
Բանակցությունները հրապարակային չեն, սակայն վերջերս Facebook–ի ղեկավարությունը հայտարարել է, որ աշխատում է օգտատերերի հարմարավետությունը բարձրացնելու ուղղությամբ։ Սոցցանցում տեղադրված հղման միջոցով անցումը հրատարակության կայք և բրաուզերում հրատարակության կայքի բեռնումը տևում է մոտ ութ վայրկյան։ Facebook–ի կարծիքով` դա չափազանց երկար է, հատկապես շարժական սարքավորումների համար։ Իսկ օգտատերերի ներգրավման գործում կարևոր են անգամ միլիվայրկյանները։–0–