USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ

14.04.2017, 14:06
Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։
Facebook–ը սկսել պայքարել ֆեյքերի դեմ

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Աշխարհի ամենատարածված Facebook սոցցանցը լայնածավալ բացատրողական արշավ է սկսել կեղծ լուրերի դեմ պայքարի ոլորտում։ Կեղծ լուրերը զանազանելու խորհուրդները հայտնվել են գերմանական մի շարք լրատվամիջոցներում, գրում է Deutsche Welle–ն։

Մեդիագրագիտության զարգացման բնագավառում մասնագիտացող հիմնադրամների հետ համագործակցությամբ Facebook–ը մշակել է մի շարք խորհուրդներ, որոնք պետք է օգնեն օգտատերերին տարբերակել ճշմարիտ տեղեկությունը ոչ հավաստիից։ Այսպես, ընկերության ներկայացուցիչներն առաջարկում են ուշադիր ընթերցել լուրերի վերնագրերը, հետաքրքրող թեմայով մի քանի նյութ նայել և ստուգել աղբյուրները։

Բացի այֆ, կարդալով կոնկրետ հեղինակների նորությունները, Facebook–ը կոչ է անում ուշադրություն դարձնել հավաստի աղբյուրների և ապացույցների առկայությանը։ Facebook–ում նաև ընդգծում են, որ թերևս բավականին դժվար է զանազանել ոչ հավաստի լուրերը հումորային հաղորդումներից և սատիրայից։ Ավելի վաղ Facebook–ին արդեն բազմիցս կշտամբել են սատիրիկ էջերը հեռացնելու համար։   

Facebook–ը նաև սկսել է ինքը բացահայտել կեղծ պրոֆիլները, հետևելով, թե ինչ տեղեկատվություն է այնտեղ հայտնվում։ Օրինակ, եթե կասկածելի պրոֆիլի տերը կրկնվող հրապարակումներ է անում կամ եթե նրա էջից լուրերի հոսք կա, նրան կարող են խնդրել հաստատել իր անձը։

Սոցցանցում անվտանգության ուժեղացումն ապատեղեկատվությունից, տրոլինգից, ֆեյքային էջերից և սպամից ազատվելու լայնածավալ ակցիայի մի մասն է։ Այսպես, Ֆրանսիայում խստացումից հետո բացահայտվել է մոտ 30 հազար կեղծ պրոֆիլ։

Google–ն ավելի վաղ նույնպես սկսել է պայքարել ֆեյքային տեղեկատվության դեմ` ներդնելով Fact Check ֆունկցիան, որը թույլ է տալիս համացանցում նշանազատել հավաստի տեղեկատվությունը։ -0-