Էլեկտրոնային գրադարանները բավականին հայտնի են Հայաստանում. գրող
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. Էլեկտրոնային գրադարանները բավականին հայտնի են Հայաստանում, չորեքշաբթի լրագրողներին ասաց ժամանակակից հայ գրող Հովհաննես Երանյանը։
«Որպես գրող` ես ուրախ եմ, որ բացի տպագիր տարբերակից, կա նաև գրականությունը տարածելու այլընտրանքային տարբերակ», – նշեց Երանյանը։
Գրողն ընդգծեց, որ ինքն ավելի շատ վիրտուալ ընթերցողներ ունի, քան նրանք, ովքեր նախընտրում են տպագիր գրքերը։ Այնուամենայնիվ, նրա խոսքերով, Հայաստանում ինչպես տպագիր, այնպես էլ էլեկտրոնային գրքերի շուկան բավականին նեղ է։
«Ես նկատի ունեմ ոչ միայն մեր բնակչության թիվը, այլ նաև ընթերցողների թիվը։ Իմ կարծիքով` մեղք է դեմ հանդես գալ էլեկտրոնային գրականության տարածմանը։ Սակայն մյուս կողմից հասկանում են հրատարակիչներին, ովքեր դժգոհ են դրանից, չէ՞ որ դա ազդում է նրանց բիզնեսի վրա։ Կարծում եմ, որ խնդիրը պետք է լուծվի իրավաբանական ճանապարհով», – նշեց գրողը։
«Յավրուգրատ» ինտերնետային հրատարակության հիմնադիր Մարատ Յավրումյանն իր հերթին նշեց, որ ավանդական հրատարակիչներն, իսկապես, նմանատիպ մտավախություն ունեն։
«Մեր հրատարակիչները հետաքրքրված չեն էլեկտրոնային գրականության տարածման գործում։ Սակայն ես պետք է նշեմ, որ էլեկտրոնային գրքերի և տպագիր գրքերի ընթերցողները տարբեր մարդիկ են։ Կան մարդիկ, ովքեր նախընտրում են առցանց գրադարանը, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս շարժական սարքերում պահել մեծ թվով գրքեր», – նշեց Յավրումյանը։
Նրա խոսքերով` այս պահին անհրաժեշտ է զարգացնել էլեկտրոնային գրադարանից օգտվելու մշակույթը, և լավ կլիներ, եթե խոշոր հայկական հրատարակչությունները ջանք գործադրեին այդ գործում։
«Ամեն դեպքում անհիմն են այն մտավախությունը, թե ընթերցելով գիրքը էլեկտրոնային տարբերակով` կրճատվում են տպագիր գրքերի վաճառքները։ Հակառակը, կարելի է այդ ճանապարհով նոր ընթերցողներ գտնել», – ասաց Յավրումյանը։
«Մեր ինտերնետային կայքն օգնում է տարածել հայկական գրականությունը, դարձնել այն ավելի ճանաչելի ընթերցողների համար։ «Յավրուգրատ» ինտերնետ հրատարակչությունում կա հայ գրողների մոտ 100 գիրք», – ավելացրեց Յավրումյանը։ –0–