eBay առցանց աճուրդը վաճառքից հանել է «Ռուսաստան երկիր» լոտը
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Աշխարհի խոշորագույն eBay ինտերնետային աճուրդը վաճառքից հանել է «Ռուսաստան երկիր» (country Russia) լոտը, որը նախկինում վաճառքի էր հանվել օգտատերերից մեկի կողմից, վկայում են eBay կայքի ծանուցումները, գրում է digit.ru–ն։
Ծանուցումը հետևյալն է` «121086344712 լոտն այլևս անհասանելի է»։
Ավելի վաղ մի շարք ռուսական ԶԼՄ–ներ տեղեկացրել էին, որ ռուսաստանցի օգտատերը երկիրն առցանց աճուրդի է հանել «country Russia» լոտի տեսքով։ Համար 121086344712 լոտի մեկնարկային գինը կազմում էր 0,01 ԱՄՆ դոլար, սակայն շուտով հասել է մոտ 100 հազար դոլարի։ «Երկրի» սակարկությունը նախատեսվում էր շարունակել մինչև մարտի 30–ը։
Մոսկովյան ժամանակով ժամը 18.00–ի դրությամբ լոտն արդեն անհասանելի է եղել eBay կայքում, իսկ դրան նման ապրանքների աճուրդն առաջարկում է Ռուսաստանի բնանկարներով նկարներ, ռուսական գրքեր և ռուսական խորհրդանիշերով հուշանվերներ։
Նշենք, որ Ռուսաստանն արդեն առաջին երկիրը չէ, որին eBay–ի օգտատերերը փորձում են աճուրդային լոտի տեսքով ներկայացնել։ Ավելի վաղ իրենց երկրի քաղաքական և տնտեսական իրավիճակից դժգոհ քաղաքացիները փորձել են աճուրդում վաճառել Հունաստանը («Greece the country» լոտ) և Բելգիան ((«Belgium, a Kingdom in three parts»), տեղեկացնում են ամերիկյան ԶԼՄ–ները։ Այդ լոտերը հեռացվել են eBay–ից մինչև վաճառքի ավարտը։ –0–