USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Չնայած Դուրովի ունեցած խնդիրներին` «ՎԿոնտակտեն» կպահպանվի, կարծում է Սուրկովը

02.05.2013, 13:47
ՌԴ փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովը կարծում է, որ որքան էլ «ՎԿոնտակտե» կայքի ստեղծող Պավել Դուրովը լուրջ խնդիրներ ունի, այնուամենայնիվ սոցիալական ցանցը դեռ կպահպանվի։
Չնայած Դուրովի ունեցած խնդիրներին` «ՎԿոնտակտեն» կպահպանվի, կարծում է Սուրկովը
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. ՌԴ փոխվարչապետ Վլադիսլավ Սուրկովը կարծում է, որ որքան էլ «ՎԿոնտակտե» կայքի ստեղծող Պավել Դուրովը լուրջ խնդիրներ ունի, այնուամենայնիվ սոցիալական ցանցը դեռ կպահպանվի։

Վերջին ժամանակներում «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը հայտնվել է մի քանի աղմկահարույց պատմությունների կենտրոնում։ ԶԼՄ–ներում տեղեկություն է տարածվել, որ Դուրովը մասնակցություն է ունեցել 2013 թվականի սկզբին Պետերբուրգի կենտրոնում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարին, որի հետևանքով ոստիկան է տուժել, իսկ մեղավորը հեռացել է դեպքի վայրից։ Այդ գործի քննության շրջանակներում սոցիալական ցանցի գրասենյակում ապրիլի 16–ին զննություն է կատարվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Սոցցանցի մամուլի քարտուղարը հայտնել է, որ Դուրովը մեքենա չունի, նա ոտքով է տեղաշարժվում։ «Ինչ վերաբերում է «ՎԿոնտակտե» ցանցին, ապա, իմ կարծիքով, այնտեղ բարդ գործընթացներ են։ Ես շատ լավ եմ ճանաչում Պավելին, նրան մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Գիտեմ, որ հիմա շատ բան են խոսում։ Չգիտեմ, թե ինչ է այնտեղ կատարվել, բայց կարծում  եմ` իրավիճակը կպարզվի։ Ակնհայտ է, որ իրավիճակը բարդ է, որը կապված է նաև անշարժ գույքի, նոր գործարքների հետ։ Վստահ եմ, որ ցանցը կպահպանվի, քանի որ այն շատ ճանաչված է Ռուսաստանում»,– ասել է Սուրկովը` հինգշաբթի ելույթ ունենալով Լոնդոնի էկոնոմիկայի դպրոցում։
 
Փոխվարչապետը հույս է հայտնել, որ սոցիալական ցանցի հետ կապված «ամեն բան կարգին» կլինի։ «ՎԿոնտակտեին» շատ էին դատապարտում տարբեր հարցերով,  բայց այն, որ դա շատ տաղանդավոր թիմ է, որ ճանաչում է վայելում Ռուսաստանում, փաստ է»,– ասել է Սուրկովը։

«ՎԿոնտակտե» սոցիալական ցանցը ստեղծվել է Facebook–ի օրինակով, Ռուսաստանի նմանատիպ խոշորագույն ռեսուրսների թվում է։ Սկզբում կայքը բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների և շրջանավարտների սոցցանց էր, իսկ այժմ կայքի լսարանում օգտատերերի բոլոր շերտերն են ներգրավված։ Ցանցը հիմնվել է 2006 թվականի հոկտեմբերի 10–ին։ Կայքում գրանցված է ավելի քան 190 միլիոն օգտագործող, ամենօրյա լսարանը թիվը հասնում է 46 միլիոնի։ -0