1915 թ.–ի Հայոց ցեղասպանության զոհերի տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի. /ԱՌԿԱ/. Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության տվյալների էլեկտրոնային բազա կստեղծվի Հայաստանում, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Չնայած, որ ցեղասպանության զոհ են դարձել ավելի քան միլիոն հայեր, էլեկտրոնային բազայում կընդգրկվեն 200-300 հազարը, որոնց անունները պահպանվել են այս կամ այն փաստաթղթերում»,– ասաց նա։
Վիրաբյանը միաժամանակ ափսոսանք հայտնեց, որ այդ ողբերգության զոհերի մեծամասնության անուններ պատմությունը չի պահպանել, և տարեցտարի բազայի կազմումն ավելի է դժվարանում։
«Եթե մենք սկսեինք բազան ստեղծել նախորդ դարի 20-30–ական թվականներին, ապա մեզ կհաջողվեր հավաքել բոլորի անունները, բայց այսօր, ցավոք, շատ ուշ է»,– ասաց նա։
Նա հիշեցրեց, որ Հայոց ցեղասպանության միջոցառումների շրջանակում Հայաստանի ազգային արխիվը հրատարակել է «Հայոց ցեղասպանությունն Օսմանյան Թուրքիայում։ Ականատեսների վկայությունները» եռահատոր աշխատությունը։ Վիրաբյանը նշեց, որ արդեն հրատարակվել է գրքի անգլերեն տարբերակը, իսկ մինչև 2015 թվականը ծրագրվում է դրա հրատարակումն այլ լեզուներով։
Եռահատորյակում ներկայացված է Ազգային արխիվում պահվող 602 փաստաթուղթ, այդ թվում, ցեղասպանություն վերապրած հայերի` 1916 թվականին գրված վկայությունները։ Գրքում նշված բազմաթիվ վկայություններ նախկինում երբեք չեն հրապարակվել։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-