Արցախի դպրոցները կմիանան «Dasaran.am» կրթական ծրագրին
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արցախի դպրոցները կմիանան «Dasaran.am» կրթական ծրագրին, հայտնեցին նախագծի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն` փոխըմբռնման համապատասխան հուշագիր է ստորագրվել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանի և «Dasaran.am» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի միջև։
Հուշագիրը կապահովի անհրաժեշտ իրավական հիմքեր ծրագիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր դպրոցներում հասանելի դարձնելու համար:
Կրթական ծրագիրը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով թույլ է տալիս բարձրացնել դպրոցների կառավարման արդյունավետությունը և թափանցիկությունը:
Մասնավորապես, այն հնարավորություն է տալիս կայքի միջոցով հետևել դպրոցականների հաճախելիության և առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաեւ տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների և հաշվետվությունների մասին:
Լեռնային Ղարաբաղի դպրոցների ինտեգրումը «Dasaran.am» կրթական ծրագրին ոչ միայն հասանելի կդարձնի հարթակի բոլոր կրթական հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի աշակերտներին, այլև էապես կխթանի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցականների միջև շփումների և կապերի ակտիվացումը՝ նպաստելով միասնական սերնդի ձևավորմանը և ներառական կրթության ամրապնդմանը:
2010 թվականին գործարկված dasaran.am կայքի նպատակն է` ուսումնական գործընթացին հետևելու մեխանիզմների ստեղծումը, թափանցիկության մակարդակի բարձրացումը դպրոցների գործունեությունում և ծնողների, աշակերտների ու ուսուցիչների միջև համապատասխան կապի ստեղծումը։
Կրթական համակարգը գործում է Հայաստանի բոլոր դպրոցներում։ -0-