Հայաստանի ԱԱԾ. Հակառակորդը չի հրաժարվել սոցցանցերում հետախուզական-քայքայիչ գործունեություն իրականացնելուց
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը երեքշաբթի հայտարարություն է տարածել, որում նախազգուշացնում է համաքաղաքացիներին այն մասին, որ հակառակորդը դեռ չի հրաժարվել սոցցանցերում հետախուզական-քայքայիչ գործունեության իրականացման մարտավարությունից:
«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը զանգվածային լրատվամիջոցներում պարբերաբար տարածել էր ինտերնետային սոցիալական ցանցերի միջոցով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների նկատմամբ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից իրականացվող հետախուզական-քայքայիչ գործունեության մասին հայտարարություններ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները վկայում են, որ հակառակորդը չի հրաժարվել արդեն իսկ հնություն դարձած մարտավարությունից` շարունակելով «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում հայկական տվյալներով կեղծ էջեր բացելու, որպես Հայաստանի Հանրապետության կամ ԼՂՀ Զինված Ուժերի նախկին զինծառայողներ ներկայանալու, մեր քաղաքացիների հետ նամակագրական կապեր հաստատելու և տվյալներ կորզելուն ուղղված ապարդյուն գործառույթներից», – նշեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ համալիր օպերատիվ միջոցառումներ իրականացնելու արդյունքում, ինչպես նաև հայրենասիրական գաղափարներով օժտված հայ երիտասարդների օգնության շնորհիվ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ստեղծված կեղծ էջերի բացահայտման ու մշակման գործընթացն և արդյունքում նրանց մատուցում այնպիսի ապատեղեկատվական նյութեր, որոնք մոլորեցնում և խուճապի են մատնում «տաղանդավոր հետախույզներին»:
«Այս անգամ, «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում, իրենց «հնարամտությամբ» աչքի են ընկել ադրբեջանական հատուկ ծառայությունների հետախույզ-օգտատերեր «Hovik Margaryan»-ը, «Edgar Minasyan»-ը, «Rafik Tovmasyan»-ը, «Norik Barsegyan»-ը և «Norik Margaryan»-ն, որոնց տրամաբանելու ունակությունները նույնիսկ թույլ չեն տվել փոփոխելու մեր քաղաքացիների հետ ծանոթություն հաստատելու և նամակագրություն իրականացնելու համար ընտրված ու արդեն բոլորին հայտնի առասպելները», – ասվում է հաղորդագրության մեջ։
«Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կրկին անգամ իր երախտագիտությունն է հայտնում հայրենասիրական դրսևորումներ ցուցաբերած մեր քաղաքացիներին և հերթական անգամ կոչ է անում զերծ մնալ սոցիալական ցանցերում պատահական շփումներից, իսկ կասկածելի օգտատերերի հայտնաբերման դեպքում դիմել ՀՀ ԱԱԾ», – նշում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: -0-