USD
379.42
EUR
441.46
RUB
4.8278
GEL
140.79
2026 թ. հունվարի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ԱՄՆ իշխանությունները ինտերնետ ընկերություններից SSL մաստեր բանալիներ են պահանջել

25.07.2013, 16:46
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ազգային անվտանգության գործակալությունը կանոնավոր փորձեր են ձեռնարկում SSL արձանագրության առաջնային բանալիների հասանելիություն ստանալու համար, որը ծառայությունների և օգտատերերի միջև տրաֆիկի ծածկագրած փոխանցում է ապահովում` հափշտակումից տվյալները պաշտպանելով։
ԱՄՆ իշխանությունները ինտերնետ ընկերություններից SSL մաստեր բանալիներ են պահանջել

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ազգային անվտանգության գործակալությունը կանոնավոր փորձեր են ձեռնարկում SSL արձանագրության առաջնային բանալիների հասանելիություն ստանալու համար, որը ծառայությունների և օգտատերերի միջև տրաֆիկի ծածկագրած փոխանցում է ապահովում` հափշտակումից տվյալները պաշտպանելով։

«Կառավարությունը պրովայդերներից SSL բանալիներ է պահանջում»,– հայտնել է կառավարությունում Cnet աղբյուրը, որը պատասխանատու է պրովայդերների հետ բանակցությունների համար։ Նա չի ցանկացել ներկայանալ, հաղորդում է cnews.ru–ը։

Առաջնային բանալիները ստանալու դեպքում ԱՄՆ կառավարությունը կկարողանա ապակոդավորել պրովայդերների կողմից փոխանցվող ամբողջ տրաֆիկը։ Տեղեկատվական անվտանգության մասնագետ Մայքլ Հորովիցը (Michael Horowitz) Microsoft ընկերության Outlook.com փոստային ծառայության օրինակով բացատրել է

հատուկ ծառայությունների հնարավորությունները։ «Outlook.com–ն առաջնային բանալի ունի։ Ցանկացած մարդ, ով կստանա այն, կկարողոանա ընթերցել ծածկագրված HTTPS էջերը։ Բոլորը` անխտիր։ Յուրաքանչյուր ծածկագրված էջ, որը ինչ–որ ժամանակ փոխանցվել է Outlook.com–ի և միլիոնավոր օգտատերերից ցանկացածի միջև, կարող է վերծանվել` միասնական առաջնային բանալու օգնությամբ»,– պարզաբանել է փորձագետը։

Կառավարության աղբյուրն ավելացրեց, որ խոշոր պրովայդերները կողմնորոշվում են տվյալ հարցումներով` հաշվի առնելով, որ նշված մարմինները գերազանցում են իրենց լիազորությունները։ Ինչ վերաբերում է ոչ մեծ ընկերություններին, ապա նրանց չափազանց հեշտ է ստիպել փոխանցել բանալիները, քանի որ նրանք իրենց հաստիքում բավական որակյալ իրավաբաններ չունեն։

Apple, Yahoo, AOL, Verizon, AT&T, FastMail, Time Warner Cable և Comcast ընկերությունները հրաժարվել են տեղեկացնել, թե արդյո՞ք ինչ–որ ժամանակ կառավարությանը բանալի են հատկացրել։ Facebook–ի մամուլի քարտուղար Սառա Ֆեյնբերգը  (Sarah Feinberg) հայտնել է, որ  Facebook–ը երբեք նման բանալիներ չի տրամադրել և ճնշման դեպքում «ագրեսիվ» փորձեր կձեռնարկի դրանց գաղտնիությունը պահպանելու համար։

Microsoft–ից հայտնել են, որ երբեք բանալիներ չեն փոխանցել և չեն կարող մի իրավիճակ պատկերացնել, որի դեպքում նրանք դա կանեն։ Google–ից նույնպես ասել են, որ ոչ մի անգամ բանալիներ չեն փոխանցել` ավելացնելով, որ ուշադիր ուսումնասիրում են դաշնային ծառայության կողմից ստացվող յուրաքանչյուր հարցում։ –0–