USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՌԴ–ից դեպի Էստոնիա զբոսաշրջիկներ հրավիրող տեսահոլովակները ջնջվել են YouTube–ից` բացասական արձագանքների պատճառով

26.11.2013, 15:58
Էստոնիայի ձեռներեցության աջակցության հիմնադրամը (EAS) որոշել է ինտերնետից ջնջել գովազդային արշավի տեսանյութերը, որոնք Ռուսաստանից զբոսաշրջիկներ էին գրավում դեպի Էստոնիա, քանի որ այդ տեսահոլովակները բացասական արձագանք էին ստացել ինչպես ռուսների, այնպես էլ էստոնացիների շրջանում, երեքշաբթի հաղորդել է Postimees թերթը։

ՌԴ–ից դեպի Էստոնիա զբոսաշրջիկներ հրավիրող տեսահոլովակները ջնջվել են YouTube–ից` բացասական արձագանքների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Էստոնիայի ձեռներեցության աջակցության հիմնադրամը (EAS) որոշել է ինտերնետից ջնջել գովազդային արշավի տեսանյութերը, որոնք Ռուսաստանից զբոսաշրջիկներ էին գրավում դեպի Էստոնիա, քանի որ այդ տեսահոլովակները բացասական արձագանք էին ստացել ինչպես ռուսների, այնպես էլ էստոնացիների շրջանում, երեքշաբթի հաղորդել է Postimees թերթը։

Բուռն բանավեճի պատճառ դարձած տեսահոլովակներում ռուս զբոսաշրջիկները պատկերված են լկտի, ձանձրալի մատրյոշկաների տեսքով, որոնք անքաղաքավարի են իրենց պահում հյուրանոցում և փորձում են դռնապանի միջոցով ինտիմ ծառայություններ պատվիրել։

Facebook սոցիալական ցանցի ռուս օգտատերերը նշել են, որ ազգային կարծրատիպերի օգտագործմամբ տեսահոլովակները Տալլին այցելելու ցանկություն չեն առաջացնում։ Delfi էստոնական կայքը հրապարակել էր Սանկտ Պետերբուրգի բնակիչներից մեկի նամակը, որում նա վրդովմունք և դժգոհություն է արտահայտում պրիմիտիվ գովազդային արշավի կապակցությամբ։ Հրապարակումից հետո այս տեսանյութերը ջնջվեցին YouTube–ից։

EAS–ի մամուլի քարտուղար Յուրգ Սամելը տեղեկացրել է, որ արշավը կազմակերպվել է ռուս գործընկերների հետ համագործակցությամբ։ Մասնավորապես, շուկայի վերլուծություն է անցկացվել, որն ընդգրկել է թիրախային խումբը։ Այն մեկնարկել է նոյեմբերի 11–ին և մինչև վերջերս, ինչպես նշել է Սամելը, արձագանքը դրական էր, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով «ՌԻԱ Նովոստիին»։

«Մատրյոշկան բարյացակամ և հայտնի հուշանվեր է, մեկ մատրյոշկայից ստացվում է մի քանիսը, և այն խորհրդանշում է այդ արշավի թեման»։ «Դու և քո 75 ընկերները կարող են ինքնաթիռով մեկնել Էստոնիա։ Մենք որոշեցինք այլևս չցուցադրել տեսահոլովակները, որոնք հակասական զգացմունքներ էին առաջացնում», – ասել է Սամելը։

Արշավի շրջանակներում Facebook ցանցում խաղ էր կազմակերպվել, որի միջոցով կարելի է շահել ճանապարհորդություն 76 մարդու համար Ռուսաստանից դեպի Էստոնիա։ Հաղթողի և նրա կողմից սոցիալական ցանցի միջոցով ընտրված ուղեկիցների համար մրցանակների մեջ ներառված էր Մոսկվայից կամ Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթ դեպի Տալլին և հետադարձ ուղին, հյուրանոցը, ջրային կենտրոնի տոմսեր, տոնական ընթրիք ռեստորանում, ավտոբուսային էքսկուրսիա Տալլինում, ծովային թանգարանի այցելություն և Էստոնիայի մայրաքաղաքի գիշերային ակումբներից մեկի տոմսեր։–0–