Սոչիի Օլիմպիական խաղերը հնարավոր կլինի դիտել Yahoo կայքում
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Yahoo ինտերնետային ընկերությունը NBC հեռուստաալիքի հետ համատեղ կհեռարձակի Սոչիում կայանալիք 2014թ.–ի Օլիմպիական խաղերի իրադարձությունները և կգործարկի խաղերի առցանց հեռարձակումներ իր կայքերում, հաղորդում է Digit.ru –ն` հղում անելով ընկերության հաղորդագրությանը։
Yahoo–ն պատրաստվում է առցանց հեռարձակումների իր կայքերում գործարկել բոլոր օլիմպիական մրցումները, որոնց կոնտենտը կտրամադրի NBC ալիքը, ինչպես նաև կօգտագործի իր ծառայությունները` Yahoo Search–ը, Flickr ֆոտոհոսթինգը և Tumblr բլոգերը` մարզական իրադարձությունների հեռարձակման համար։ Ի համալրում դրան` Yahoo Sports–ի փորձագետները կվարեն ամենօրյա վերլուծական ծրագրեր` նվիրված Սոչիի Օլիմպիական խաղերի նորություններին, որոնք կհայտնվեն NBC–ի եթերում, ինչպես նաև հասանելի կլինեն ընկերության բոլոր օգտատերերին։
Yahoo–ն և NBC–ն մեկ տարի առաջ համաձայնագիր էին կնքել մարզական իրադարձությունների համատեղ լուսաբանման մասին։ –0–