USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Տվյալների «գաղտնալսման» զանգվածային խնդիրներ Հայաստանում չկան. փորձագետ

31.10.2013, 17:35
Տվյալների «գաղտնալսման» զանգվածային խնդիրներ Հայաստանում չկան,  հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Սաղիյանը։
Տվյալների «գաղտնալսման» զանգվածային խնդիրներ Հայաստանում չկան. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Տվյալների «գաղտնալսման» զանգվածային խնդիրներ Հայաստանում չկան,  հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Գրիգորի Սաղիյանը։

Հայկական մամուլում վերջին օրերին ակտիվորեն տարածվում է այն տեղեկատվությունը, որի համաձայն` Ռուսաստանը Հայաստանին ինտերնետ–տարածքի վերահսկողություն իրականացման համար հատուկ տեխնիկա է տրամադրել։ Այս առիթով Հայաստանի ոստիկանությունն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։

«Բաժանորդների էլեկտրոնային տվյալների գաղտնալսման և գաղտնադիտման հնարավորություններ իրավապահ մարմինները փաստացի ունեցել են նաև նախկինում, պարզապես Էդվարդ Սնոուդենի կողմից սարքավորումների մատակարարումների մասին բացահայտումների համատեքստում անառողջ իրարանցում է սկսվել հայ հասարակությունում»,– ասաց Սաղիյանը։

Մասնավորապես, նրա խոսքով, հայկական օրենսդրությունում նախատեսված է բոլոր հեռախոսազրույցների գաղտնալսման հնարավորություն, մասնավորապես, բոլոր օպերատորները պետք է նման տվյալներ տրամադրեն իրավապահ մարմիններին համապատասխան հարցման դեպքում։ Միաժամանակ, օրենսդրությունը որոշակիորեն տարածվում է նաև էլեկտրոնային տարբերակով, այսինքն, ինտերնետով տվյալների փոխանցման վրա։  

Սաղիյանը նշեց, որ Հայաստանը նախկինում էլ է ունեցել Ինտերնետում ՕՀՄՀ (Օպերատիվ–հետախուզական միջոցառումների համակարգ փաստաթղթային էլեկտրակապի ցանցերում) «գաղտնալսման» կազմակերպման տեխնիկական միջոցներ, և նա դա միանգամայն բնական գործընթաց է համարում։   

«Մշակվող տեղեկատվության ծավալն աճում է օգտագործողների թվի ավելացմանը զուգընթաց, և համակարգը պետք է հասցնի զարգացման ետևից։ Ցանկացած երկիր պետք է նմանատիպ քայլեր ձեռնարկի` ելնելով սեփական անվտանգության կարևորությունից»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է սարքերի մատակարարմանը, ապա, փորձագետի խոսքով, դա կարող է լինել սովորական համակարգիչ հատուկ ծրագրային ապահովմամբ, կամ միայն պրոցեսոր։ -0-