Իտալիայում արգելափակվել է Mail.ru-ն` համակարգչահենության կասկածի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /ԱՌԿԱ/. Իտալիայի տարածքում արգելափակվել են Mail.ru-ի սերվերները: Ինչպես գրում է Corriere Della Serra-ն, ռուսական պորտալը հայտնվել է 24 կայքերի թվում, որոնց նկատմամբ հասանելիությունն արգելափակվել է Հռոմի դատարանի վճռով` դրանցում համակարգչահեն տեղեկատվության տեղադրման պատճառով, հաղորդում է ՌԲԿ-ն:
Արգելափակված կայքերի ցանկում են հայտնվել նաև Կիմա Դոթքոմա Մեգա ֆայլ փոխանակող կայքը, որը գտնվում է Mega.co.nz հասցեում և ևս մի քանի ֆայլ փոխանակող կայքեր ու տեսանյութերի հոսքային հեռարձակման կայքեր:
Mail.ru-ի և մնացած ռեսուրսների նկատմամբ քննությունը սկսվել էր Eyemoon Pictures կինոստուդիայի բողոքից հետո: Իրավատերերը նշել էին, որ այդ կայքերում անօրինական կերպով տեղադրված են կինոստուդիային պատկանող երկու ֆիլմերի («Կոնգրես» (The Congress) և «Ֆրութվեյլ» (Fruitvale Station), 2013 թ.) կրկնօրինակները:
«Մենք տեղյակ ենք Իտալիայում հասանելիության հետ կապված խնդրի մասին: Մեր մասնագետներն անում են հնարավոր ամեն ինչ այդ խնդիրը շուտափույթ կերպով լուծելու համար», - նշվում է Twitter-ում Mail.ru-ի տեխնիկական աջակցության հաղորդագրության մեջ՝ ի պատասխան Իտալիայի օգտատերերի տեղեկատվությանը, որոնք նշում են հասանելիության խնդիրների մասին:
2013 թ.-ի նոյեմբերից Իտալիայում արգելափակված է ռուսական մեկ այլ պորտալ՝ vk.com-ը (ВКонтакте): Սոցցանցի հասանելիությունն արգելափակվել էր դատարանի վճռով Ջենարո Նունցիանտեի «Դույլերով արև» (Sole a catinelle) ֆիլմի համակարգչահեն կրկնօրինակի տեղադրման պատճառով:-0-