Վտանգավոր վիրուսը վարակել է Google Play–ի հարյուրավոր հավելվածներ
ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի./ԱՌԿԱ/. Նոր BankBot վտանգավոր վիրուսը վարակել է Google Play ինտերնետ–խանութի մի քանի հարյուր անվճար հավելվածներ։
Ինչպես հաղորդում է «Փրայմ» գործակալությունը, հղում անելով Dr. Web–ին, BankBot վիրուսը, ներթափանցելով սարքեր, գողանում է տարբեր սոցիալական ցանցերի մեսենջերների նամակագրությունը։ Բացի այդ, վիրուսը գողանում է օգտատերերի գաջեթների բանկային քարտերի տեղեկատվությունը։
Ընկերությունում նշում է, որ BankBot–ը սարքեր է ներբեռնվում անվճար և անվնաս հավելվածի տեսքով, սակայն սարք ներթափանցելուց հետո վիրուսը հեռացնում է ծրագրի պիտակը և շարունակում է աշխատել ֆոնային ռեժիմով։
Հակավիրուսային լաբորատորիայում նշում են, որ ներկայում Google Play խանութի մոտ 400 հավելվածներ վարակված են BankBot–ով։
Գաջեթներ մուտքի թույլտվություն ստանալուց հետո վիրուսը կարող է տվյալներ դուրս բերել Viber, Spanchat, Instagram, WhatsApp և այլ ծառայություններից ու մեսենջերներից։ Ընդ որում, BankBot–ը շարունակում է աշխատել սարքում անգամ այն ժամանակ, երբ գաջեթի տերը կարծում է, թե վիրուսն հեռացված է։
Նոր վիրուսից առավել շատ տուժողները բնակվում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան և ԱՄՆ–ն։ -0-