USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի դպրոցականները կկարողանան ծանոթանալ երկրում գործող քոլեջներին dasaran.am նախագծի նոր բաժնում

02.10.2015, 17:44
Հայաստանի դպրոցականները կկարողանան ծանոթանալ երկրում գործող քոլեջներին և վարժարաններին dasaran.am նախագծի նոր բաժնում, լրագրողներին ուրբաթ ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Հայաստանի դպրոցականները կկարողանան ծանոթանալ երկրում գործող քոլեջներին dasaran.am նախագծի նոր բաժնում

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դպրոցականները կկարողանան ծանոթանալ երկրում գործող քոլեջներին և վարժարաններին dasaran.am նախագծի նոր բաժնում, լրագրողներին ուրբաթ ասաց Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։

«Մասնագիտական կրթության ոլորտում անցկացված հետևողական բարեփոխումների ընթացքում որոշում է կայացվել dasaran.am կայքում նոր բաժին ստեղծելու մասին, որտեղ տեղադրվելու է Հայաստանում գործող պետական քոլեջների և վարժարանների, ինչպես նաև այնտեղ առկա մասնագիտությունների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը», – նշեց Աշոտյանը։

Նա նշեց, որ այս բաժնի շնորհիv դպրոցի աշակերտները` ապագա դիմորդները, կկարողանան ծանոթանալ Հայաստանում գործող 112 կրթական հաստատություններին, ինչը նրանց կօգնի կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության հարցում։

«Dasaran.am–ը Հայաստանի կրթական ամենախոշոր սոցիալական ցանցն է։ Սա դպրոցականների համար ոչ միայն շփվելու և լրացուցիչ կրթական նյութեր  ստանալու հարթակ է, այլև լավ վիճակագրական գործիք այն անձանց համար, ովքեր պատասխանատու են մեր երկրի կրթական ոլորտի համար։ Այն հնարավորություն է տալիս հետևել դպրոցականների առաջադիմությանը», – ընդգծեց նախարարը։

Նրա խոսքերով` Հայաստանում վերջին տարիներին բազմաթիվ կրթական բարեփոխումներ են իրականացվել, այդ թվում հայկական քոլեջներում և վարժարաններում նոր ստանդարտների, մասնագիտությունների, լաբորատորիաների ներդրման առումով։
 
«Պետք է նշեմ, որ հայկական քոլեջներում և վարժարաններում ուսանողների թիվը վերջին տարիներին կտրուկ աճել է։ Եթե հինգ տարի առաջ ուսանում էր մոտ 14 հազար ուսանող, ապա այսօր այդ թիվը կազմում է շուրջ 20 հազար», – ավելացրեց Աշոտյանը։

2010 թվականին գործարկված dasaran.am կայքի նպատակն է ուսումնական գործընթացի վերահսկման մեխանիզմների ստեղծումը, դպրոցների գործունեության թափանցիկության մակարդակի բարձրացումը և ծնողների, աշակերտների և ուսուցիչների միջև համապատասխան կապի համակարգերի ձևավորումը։

Կրթական ծրագիրը գործում է Հայաստանի բոլոր դպրոցներում։ -0-