Երևանում տեղի է ունեցել քաղաքացիների կողմից համայնքային խնդիրների ներկայացման CityBugs.am կայքի շնորհանդեսը
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հատուկ կայք է ստեղծվել` CityBugs.am, որտեղ հանրապետության բնակիչները կարող են կիսվել իրենց համայնքներում գոյություն ունեցող կոմունալ և այլ խնդիրներով, չորեքշաբթի լրագրողներին է տեղեկացրել նախագծի հեղինակ Արման Աթոյանը։
«CityBugs.am–ը սոցիալական հարթակ է, որը մշակվել է սոցիալապես կարևոր խնդիրներ քննարկելու համար, որտեղ ցանկացողներն իրական հնարավորություն ունեն ներկայացնել իրենց խնդիրներն ու այլ մարդկանց ուշադրությունը գրավել իրենց համայնքի առօրյա խնդիրների նկատմամբ, ինչպես նաև առաջարկել այդ խնդիրների լուծման նորարարական ուղիներ», – ասել է նա։
Աթոյանի խոսքերով` չնայած, որ կայքը ստեղծվել է 2011 թ.–ին, այն ակտիվորեն գործարկվել է միայն վերջերս։
Նա պարզաբանել է, որ քաղաքացիները կարող են խնդրի («bug») մասին տեղեկացնել Facebook սոցցանցի սեփական էջի միջոցով կամ գրանցվելով կայքի համակարգում, ինչից հետո այն կպատկերվի Հայաստանի ինտերակտիվ քարտեզի վրա։ Այդ քարտեզի միջոցով համապատասխան պետական գերատեսչությունների ներկայացուցիչները կարող են տեղեկանալ այդ խնդիրների մասին և դրանց լուծման միջոցներ ձեռնարկել։
Կայքի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սմբատ Ղահրամանյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախագծի հեղինակներն արդեն սերտ համագործակցություն են հաստատել Երևանի քաղաքապետարանի հետ, իսկ առաջիկայում նախատեսվում է համագործակցություն հաստատել մի շարք պետական կառույցների, մասնավորապես` Առողջապահության նախարարության, Տրանսպորտի և կապի նախարարության, Քաղաքաշինության նախարարության և պետական այլ գերատեսչությունների հետ։
«Բացի այդ, մենք մտադիր ենք համագործակցություն հաստատել Հայաստանի այլ քաղաքների քաղաքապետարանների հետ, մասնավորապես` Վանաձորի և Գյումրիի քաղաքապետարանների հետ, որպեսզի այդ քաղաքներում գոյություն ունեցող խնդիրները ևս օպերատիվ կերպով լուծվեն», – նշել է Ղահրամանյանը։
Առավել հաճախ հանդիպող բողոքների թվում նախագծի հեղինակները նշել են հասարակական վայրերում աղբարկղերի բացակայությունը, փողոցներում փոսերի և բաց ջրատար հորերի առկայությունը, ինչպես նաև փողոցներում «զեբրերի» ու որոշ անցումներում լուսավորության բացակայությունը։
Նախագծի հեղինակները նշել են նաև, որ կայքի գոյության ընթացքում Երևանում արձանագրվել է մոտ 400 խնդիր, որոնցից գրեթե մեկ քառորդն արդեն լուծվել է։ Միաժամանակ նրանք համոզմունք են հայտնել, որ CityBugs.am կայքի գոյությունը կդառնա հանրապետության համայնքներում գոյություն ունեցող կոմունալ և այլ խնդիրների բացահայտման և լուծման կարևորագույն գործիքներից մեկը։
Կայքը ստեղծվել է Միջազգային զարգացման ամերիկյան գործակալության (USAID) աջակցությամբ։–0–