Ռուսական բանկերը կիբերգրոհի են ենթարկվել
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի սկզբից Ռուսաստանի կենտրոնական բանկի և խոշորագույն առևտրային բանկերի (Սբերբանկ, Ալֆա–բանկ, Գազպրոմբանկ և ՎՏԲ) կայքերը հակերական գրոհների են ենթարկվում, հաղորդում է «Վեդոմոստին»` հղում անելով «Կասպերսկու լաբորատորիային»։
Սովորաբար այդ գրոհները սկսվում են օրվա առաջին կեսին և երբեմն օրերով տևում են։ Այդ գրոհներն ուղղված են բացառապես բանկերի կայքերին, ցանցում միավորված և վիրուսներով լի համակարգիչներն այդ կայքեր են ուղարկում կեղծ հարցումներ` սերվերների ծանրաբեռնվածությունն ավելացնելու և օգտատերերի համար կայքէջերն անհասանելի դարձնելու նպատակով։ Այնուամենայնիվ լուրջ խնդիրներից հաջողվել է խուսափել, «Կասպերսկու լաբորատորիան» մեջբերում է Kaspersky DDoS Prevention նախագծի ղեկավար Ալեքսեյ Աֆանասևի խոսքերը։
DdoS գրոհի (Distributed Denial of Service, «հրաժարվել սպասարկումից») փաստը հաստատել են Գազպրոմբանկի և Ալֆա–բանկի ներկայացուցիչները։ Հոկտեմբերի 1–ին խափանվել է նաև ՌԴ ԿԲ–ի կայքի աշխատանքը, նշել է ԿԲ–ի ներկայացուցիչ Պոլինա Տրիզոնովան, սակայն ԿԲ–ի բոլոր ինտերնետային ֆինանսական ծառայությունները նորմալ գործել են։ Այժմ ԿԲ–ի պրոֆիլային ստորաբաժանումներն ուսումնասիրում են խափանման պատճառները, նշել է նա։
Բանկի վրա իրականացված գրոհների համար պատասխանատվությունն իր վրա է վերցրել Anonymous Caucasus խումբը, որը Facebook–ում ներկայանում է որպես «Կովկաս էմիրության էլեկտրոնային բանակ»։ Հոկտեմբերի 1–ին այն YouTube–ում գրոհի նախազգուշացման մասին տեսահոլովակ է տեղադրել։ Բոլոր նախանշաններով` դրանք քաղաքական ակտիվիստներ են, ովքեր ցանկանում էին ցույց տալ երկրի ազգային անվտանգության խոցելիությունը, «Վեդոմոստիին» ասել է Աֆանասևը` նշելով, որ «նրանց անգամ չի հաջողվել մոտենալ նպատակին»։
Բանկերի հեղինակությունն, ամեն դեպքում, տուժել է, նշել է Higloadlab ընկերության (որը մասնագիտանում է DdoS գրոհներից պաշտպանվելու գործում) գլխավոր տնօրեն Ալեքսանդր Լյամինը։ Գրոհները տեխնիկապես կազմակերպվել են ամենատարրական մակարդակով, նշել է նա, պոտենցիալ զոհերին նախազգուշացրել են, շատ զարմանալի է, որ խոշոր բանկերի կայքերն այդ գրոհը «նկատել են»։ Բանկ–հաճախորդ կապի 90 տոկոսն իրականացվում է ինտերնետի միջոցով, մարդիկ կայքերում նայում են, թե որտեղ է գտնվում բանկի մոտակա մասնաճյուղը, ինչ պայմաններով են տրամադրվում վարկերը և այլն, նշել է Լյամինը։–0–