USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Վիքիմեդիա Հայաստանը» ուշադրությունը կենտրոնացնում է երկրի կրթական համակարգում «Վիքիպեդիայի» հետ աշխատելու վրա

13.12.2013, 17:42
«Վիքիմեդիա Հայաստանը» հատուկ ուշադրություն է դարձնելու Հայաստանի ավագ դպրոցներում և բուհերում «Վիքիպեդիա» հանրամատչելի ունիվերսալ ինտերնետ–հանրագիտարանի հայալեզու տարբերակի հետ աշխատանքին, հայտարարեց «Վիքիմեդիա–Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանում Վիքիմեդիայի զարգացման համակարգող Սուսաննա Մկրտչյանը։
«Վիքիմեդիա Հայաստանը» ուշադրությունը կենտրոնացնում է երկրի կրթական համակարգում «Վիքիպեդիայի» հետ աշխատելու վրա
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Վիքիմեդիա Հայաստանը» հատուկ ուշադրություն է դարձնելու Հայաստանի ավագ դպրոցներում և բուհերում «Վիքիպեդիա» հանրամատչելի ունիվերսալ ինտերնետ–հանրագիտարանի հայալեզու տարբերակի հետ աշխատանքին, հայտարարեց «Վիքիմեդիա–Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանում Վիքիմեդիայի զարգացման համակարգող Սուսաննա Մկրտչյանը։
 
Նրա խոսքով` հաջորդ տարի դպրոցականներն ու ուսանողները կսովորեն խմբագրել հայալեզու «Վիքիպեդիան»։

«Սկզբնական փուլում դա տեղի կունենա Հայկական խորհրդային հանրագիտարանից ադապտացված նյութերը Վիքիպեդիա տեղադրելու միջոցով։ Հետագայում դպրոցականները և ուսանողները կթարգմանեն հոդվածները տարբեր լեզուներով, ինչպես նաև կսովորեն նկարազարդել հրապարակումները», – նշեց Մկրտչյանը։

Նա նաև ավելացրեց, որ հատուկ ուշադրություն է դարձվելու հոդվածների պրոֆիլային բովանդակությանը։

«Մեզ համար շատ կարևոր է զարգացնել պրոֆիլային նյութերը հայերենով։ Այս նպատակով հունվարին մենք նախատեսում ենք ստեղծել տարբեր գիտական ուղղվածություն ունեցող թեմատիկ խմբեր», – ասաց Մկրտչյանը։

Նա տեղեկացրեց, որ կազմակերպությունը մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել հայագետների հետ, ովքեր մտադիր են հարստացնել հայալեզու «Վիքիպեդիան» հայագիտական նյութերով։

«Մենք մտադիր ենք շարունակել համագործակցությունը օտարալեզու «Վիքիպեդիաների» հետ։ Այդ նպատակով այս տարվա դեկտեմբերին մենք անցկացնում ենք հայ–էստոնական համագործակցության մեկամսյակ։ 2014 թ.–ին նախատեսում ենք նմանատիպ միջոցառում անցկացնել Լեհաստանի հետ», – պարզաբանեց Մկրտչյանը։

Նրա խոսքով` 2014 թ.–ի ծրագրերում նախատեսված է նաև համագործակցել Հայաստանի թանգարանների, գրադարանների, արխիվների և պատկերասրահների հետ` հայկական «Վիքիպեդիայի» ռեսուրսները համալրելու նպատակով։

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ–ն ստեղծվել է 2013թ.–ի օգոստոսի սկզբին։ Կազմակերպության նպատակն է  Վիքիմեդիա նախագծերի (Վիքիմեդիա, Վիքիպահեստ, Վիքիգրքեր և այլն) հարստացման գործում լայն շերտերի ներգրավման ճանապարհով տեղեկատվական հանրության ձևավորմանն աջակցելը։ –0–