USD
381.19
EUR
443.21
RUB
4.8908
GEL
141.23
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

Կասպերսկու լաբորատորիան կաջակցի Հայաստանին կիբերտարածքի պաշտպանության հարցում

18.10.2013, 17:50
Կասպերսկու լաբորատորիան կաջակցի Հայաստանին կիբերտարածքի պաշտպանության հարցում, Երևանում ուրբաթ լրագրողներին ասել է «Կասպերսկու լաբորատորիա»–ի հիմնադիր և տնօրեն Եվգենի Կասպերսկին` պատասխանելով ադրբեջանական հակերների կողմից հաճախակի դարձած գրոհների մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
Կասպերսկու լաբորատորիան կաջակցի Հայաստանին կիբերտարածքի պաշտպանության հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Կասպերսկու լաբորատորիան կաջակցի Հայաստանին կիբերտարածքի պաշտպանության հարցում, Երևանում ուրբաթ լրագրողներին ասել է «Կասպերսկու լաբորատորիա»–ի հիմնադիր և տնօրեն Եվգենի Կասպերսկին` պատասխանելով ադրբեջանական հակերների կողմից հաճախակի դարձած գրոհների մասին «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

«Կասպերսկու լաբորատորիայի» ուսումնասիրության համաձայն` 2013 թ.–ի հունիսի տվյալներով Հայաստանը զբաղեցնում է 4–րդ տեղը համակարգչային գրոհների ամենաբարձր տոկոսն ունեցող 20 երկրների շրջանում։ 2012 թ.–ին Հայաստանում ինտերնետից օգտվողների 56 տոկոսը ենթարկվել է օնլայն–գրոհների։

Տարբեր փորձագետների տվյալներով` հակերական գրոհների թվով հայկական տեղեկատվական դաշտում առաջատարը Ադրբեջանն է։

«Մենք օգնում և օգնելու ենք Հայաստանի կիբերտարածքն ավելի հանգիստ և պաշտպանված դարձնելու համար, սակայն դրա համար յուրօրինակ տեխնոլոգիաների և ապրանքներ հարկավոր չեն», – ասել է Կասպերսկին։

Նա նշել է, որ կիբերհամակարգերը ողջ աշխարհում մոտավորապես նույնն են և բաղկացած են միևնույն «երկաթից», օպերացիոն համակարգերը, հավելվածները, ինտերնետը, այդ պատճառով բոլոր երկրների համար լաբորատորիայի առաջարկները մոտավորապես նույնն են` միջազգային համագործակցություն, ազգային կարգավորում, տեխնոլոգիաներ, ապրանքներ, ծառայություններ և ուսուցում։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում` ավելացնելով, որ «աշխարհում կան շատ այլ թեժ կետեր, որոնց համար ազգային կիբերհամակարգերի պաշտպանությունն առաջնահերթությունների շարքում է»։

«Սակայն մենք` որպես կիբերանվտանգությամբ զբաղվող ընկերություն, շատ հեռու ենք մեզ պահում քաղաքական հարցերից և չենք կարող մեր գործունեությունը կապել քաղաքականության, կրոնի, ազգային հարցերի հետ, քանի որ անվտանգությամբ զբաղվող ընկերություն ենք։ Սակայն մենք առաջարկում ենք մոտավորապես նույն գաղափարները, ապրանքները, տեխնոլոգիաները նրանց, ովքեր դիմում են մեզ իրենց ցանցերն ու ազգային անվտանգությունը պաշտպանելու համար», – ասել է Կասպերսկին։

Նա նաև ընդգծել է, որ չնայած ընկերությանը չեն դիմել, սակայն նա կտրականապես չի համագործակցի ոչ մեկի հետ գրոհի ցանկացած միջոց մշակելու համար։

«Մենք անում ենք ամեն ինչ մեր տեխնոլոգիաներն ու ապրանքները պատրաստելու և մեր գիտելիքներն ու փորձը փոխանցելու համար` ապագայում նման գրոհներին հակազդելու նպատակով», – ասել է Կասպերսկին։

Այս համատեքստում նա կարևորել է ՏՏ անվտանգության մասնագետների պատրաստումը` ընդգծելով, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներն անհրաժեշտ կլինեն ընկերությանը նաև Հայաստանում` սեփական կրիտիկական ենթակառուցվածքն ինքնուրույն պաշտպանելու համար։

«Ինտերնետ հանրություն» ՀԿ–ի տվյալների համաձայն` Հայաստանում ինտերնետի ներթափանցման մակարդակը կազմում է 56,9 տոկոս։

«Կասպերսկու լաբորատորիան» վնասակար և անցանկալի ծրագրային ապահովումից, ցանցահենների գրոհներից և սպամերից պաշտպանող համակարգի խոշորագույն արտադրողն է Եվրոպայում: Այն ներառված է տեղեկատվական անվտանգության ապահովման համար ծրագրային լուծումների առաջատար համաշխարհային արտադրողների հնգյակում:

Ընկերության ապրանքները հուսալիորեն պաշտպանում են ողջ աշխարհի ավելի քան 250 միլիոն մարդկանց համակարգիչներն ու բջջային սարքավորումները, տեխնոլոգիաները կիրառվում են ծրագրային և սարքավորումային լուծումների համաշխարհային խոշորագույն մատակարարների ապրանքներում:-0-