USD
376.88
EUR
442.38
RUB
4.8762
GEL
140.04
2026 թ. մարտի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ԱԻ նախարարությունը «911 ՍՕՍ» զանգերի արձագանքման նոր համակարգ է ներդնում

16.11.2016, 11:09
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներդնում է «911 ՍՕՍ» զանգերի արձագանքման նոր համակարգը:
ԱԻ նախարարությունը «911 ՍՕՍ» զանգերի արձագանքման նոր համակարգ է ներդնում

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներդնում է «911 ՍՕՍ» զանգերի արձագանքման նոր համակարգը, հաղորդում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

Սմարթֆոնների համար նախատեսված «911 ՍՕՍ» հավելվածը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և «ՍՕՍ ՍԻՍԹԵՄՍ» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքում: Համակարգի նպատակն է արտակարգ իրավիճակներում հայտնված կամ դրա ականատեսը դարձած քաղաքացիներին օգնություն և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև արագ և թիրախային արձագանքում կազմակերպել:

Հավելվածն անվճար է և նախատեսված է «Android» և «IOS» համակարգերով աշխատող սմարթֆոնների համար:

Այս հավելվածի գործարկումից հետո հեռախոսի էկրանին է հայտնվում «ՍՕՍ» սեղմակոճակը, որի կենտրոնին հպվելով 3-4 վայրկյան՝ ինքնաշխատ սկզբունքով ահազանգը հասցեագրվում է «911» ծառայության համապատասխան ստորաբաժանում: Ահազանգը սպասարկող աշխատակիցը քարտեզի վրա տեսնում է ահազանգողի գտնվելու վայրը (կոորդինատները) և նախօրոք լրացրած տվյալներն ու տեղեկատվությունը՝ կազմակերպելով օպերատիվ և արդյունավետ արձագանքում:

Հավելվածի միջոցով հնարավոր է կապ հաստատել օպերատիվ այլ ծառայությունների հետ, հաղորդագրություններ ուղարկել հարազատներին և ընկերներին, տարաբնույթ տեղեկատվություն ստանալ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գտնել առաջին անհրաժեշտության մոտակա կարևոր օբյեկտները:–0–