Հայաստանում 2011 թ.-ին Facebook-ի այցելուների թիվը հասել է ավելի քան 242,1 հազարի. Socialbakers
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների թիվը 2012 թ.-ի հունվարի 1-ի տվյալներով հասել է ավելի քան 242,1 հազարի, ինչը կազմում է երկրի բնակչության 7,4 տոկոսը, նշվում է Socialbakers կայքում հրապարակված սոցիալական ցանցի վիճակագրական ցուցանիշներում:
2011 թ.-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում Facebook սոցիալական ցանցից օգտվողների թիվը ավելացել է 2,3 անգամ նախորդ տարվա ցուցանիշի համեմատ, որը կազմել է 106 հազար:
Միաժամանակ վեց ամսվա ընթացքում գրանցված հայերի թիվն ավելացել է գրեթե 60 հազար մարդով:
Սոցիալական ցանցից օգտվողների թվի աճը թույլ տվեց Հայաստանին զբաղեցնել 114-րդ հորիզոնականը աշխարհի 213 երկրների շրջանում, որոնք ինդեքսավորված են Facebakers-ում:
Հաշվետվության համաձայն՝ սոցիալական ցանցի ներթափանցումը կազմում է Հայաստանի բնակչության ընդհանուր թվի 8,16 տոկոսը կամ ինտերնետից օգտվողների թվի 116,3 տոկոսը:
Հաշվետվության համաձայն՝ Հայաստանում սոցիալական ցանցերում առավելի ակտիվ են կանայք (52 տոկոս):
Ինչ վերաբերում է տարիքային կատեգորիային, ապա Հայաստանում առավել ակտիվ է երիտասարդ սերունդը՝ 18-35 տարեկանները (օգտվողների 66 տոկոսը), միաժամանակ հիմնականում ակտիվ են 18-24 տարեկան երիտասարդները (օգտվողների 37 տոկոսը):
Facebook-ից առավել շատ օգտվում են ԱՄՆ-ում (շուրջ 157,4 մլն այցելու), Ինդոնեզիայում (շուրջ 41,7 մլն), Հնդկաստանում (41,4 մլն), Բրազիլիայում (35,1 մլն) և Մեքսիկայում (շուրջ 30,9 մլն):-0-