ԱՄՆ հատուկ ծառայությունները գաղտնի լրտեսական ԾԱ են տեղադրել 100 հազար համակարգչի վրա
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ողջ աշխարհում 100 հազար համակարգչի վրա գաղտնի տեղադրել է ծրագրային ապահովում, որը թույլ է տալիս լրտեսել սարքերը և կիբեռգրոհներ իրականացնել, հաղորդում է digit.ru-ն` հղում անելով New York Times թերթին։
Ծրագրային ապահովման հիմնական մասը տեղադրվել է ինտերնետի միջոցով, սակայն ԱԱԾ-ն նույնպես որոշ գաղտնի տեխնոլոգիա է օգտագործում, որը հասանելիություն է տալիս ցանցին չմիացած համակարգիչների նկատմամբ, գրում է New York Times-ը` հղում անելով ԱՄՆ պաշտոնատար անձանց շրջանում եղած աղբյուրին, ԱՄՆ համակարգչային անվտանգության ոլորտի փորձագետներին և ԱԱԾ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած տվյալներին։
Ինտերնետին չմիացված համակարգիչները կոտրելու տեխնոլոգիան ռադիոալիքների օգտագործում է ենթադրում, որոնք արձակվում են միկրոպլատաների և սարքավորումների կողմից, որոնք միացված են համակարգչին USB–ի միջոցով հատուկ ծառայությունների աշխատակիցների, տեխնիկա արտադրողների և անիրազեկ օգտատերերի կողմից։ Տեխնոլոգիան կիրառվում է 2008 թ.–ից, գրում է թերթը, այն հաջող կերպով օգտագործվել է Quantum ծրագրի շրջանակներում, որի ընթացքում տեղի է ունեցել միացում Ռուսաստանի ռազմական ցանցերին, ոստիկանության և Մեքսիկայի նարկոկարտելների ցանցերին, Եվրոպայի, Սաուդիան Արաբիայի, Հնդկաստանի և Պակիստանի առևտրային գերատեսչությունների ցանցերին։
Գործակալության ներկայացուցիչները նման ծրագրերը համարում են «ակտիվ պաշտպանություն» օտարերկրյա կիբերգրոհներից, այլ ոչ թե հարձակողական գործողություններ։ Դեռևս չկան ԱՄՆ–ի ներսում հետևելու տեխնոլոգիայի կիրառման ապացույցներ, գրում է թերթը։–0–