USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Երևանում տեղի է ունեցել սփյուռքի վիրտուալ թանգարանի շնորհանդեսը

13.03.2012, 18:08
ՀՀ սփյուռքի նախարարությունը երեքշաբթի Երևանում ներկայացրել է «Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքը:

Երևանում տեղի է ունեցել սփյուռքի վիրտուալ թանգարանի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ սփյուռքի նախարարությունը երեքշաբթի Երևանում ներկայացրել է «Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքերով՝ նախագծի նպատակն է ներկայացնել հայ ժողովրդի, պատմությունը, ներկան ու ապագան, առաջին պլան մղել «Հայերը՝ մեկ ազգ՝ անկախ բնակության վայրից, և Հայաստանը՝ բոլորի հայերի հայրենիք» գաղափարն աշխարհասփյուռ հայության և Հայաստանի հայերի միջև կապերի ընդգծման միջոցով:

Նա նշել է, որ «Սփյուռքի վիրտուալ թանգարան» նախագծի հիմնական խնդիրն է հայ ժողովրդի պատմությունը, մշակութային ժառանգությունն ու ձեռքբերումները հասանելի դարձնել հասարակության համար, սփյուռքի երիտասարդության շրջանում զարգացնել և ներդնել ազգային ինքնության գաղափարը, հպարտության զգացում հայ ազգին պատկանելու համար, սփյուռքի հայկական համայնքները ճանաչելի դարձնել միմյանց համար, ամրապնդել կապերը հայրենիքի և սփյուռքի, ինչպես նաև սփյուռքի հայկական համայնքների միջև, նպաստել Հայաստանի Հանրապետության ընկամանը՝ որպես հայկական պետականության խորհրդանիշ և բոլոր հայերի հայրենիք:

«Նախագծի նպատակն է նպաստել դասական և նոր հայկական սփյուռքի խոչընդոտների վերացմանն ու դրանց միավորմանը, հայրենիքի և սփյուռքի հայկական համայնքի միջև ճանաչելիության և համագործակցության մակարդակի բարձրացմանը, հայկական ինքնության պահպանմանը, ինչպես նաև հայկական պետականության գիտակցության զարգացմանը», - շնորհանդեսի ընթացքում ասել է Հակոբյանը:

«Եվս մեկ համահայկական նախագիծ իրականություն է դառնում: Մենք փորձել ենք մեկ էլեկտրոնային հարթակի վրա հավաքել աշխարհասփյուռ հայկական տարբեր համայնքների գործունեության, պատմության մասին տեղեկատվությունը, ներկայացնել դրանց մշակութային ժառանգությունը, ինչպես նաև տեղեկություններ ներկայացնել աշխարհի տարբեր անկյուններում գործող հայկական կազմակերպությունների, կրոնական համայնքների մասին», - ավելացրել է նա:

«Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքը մանրամասն տեղեկատվություն է տրամադրում հայկական համայնքների, համահայկական կազմակերպությունների, կրոնական կառույցների, ինչպես նաև այն երկրների հայերի մասին, որտեղ չկա հայկական համայնք, կայքում ներկայացված են նաև լուսանկարներ, տեսանյութեր և ձայնանյութեր:

Կայքում գործում է նաև «Հայկական ծննդաբանություն» բաժինը, որտեղ այցելուները, լրացնելով անհրաժեշտ տեղեկատվությունը, որը գիտեն իրենց և ծնողների մասին, կարող են ստեղծել իրենց ընտանիքի տոհմածառը:

Ինչպես նշել է «Հայկական տոհմաբանություն» նախագծի ղեկավար Լիլիթ Մակարյանը, նախագիծը 2007 թ.-ից իրականացնում է ծննդաբանական հետազոտությունները:

«Այսօր ավելի քան 1,6 հազար հայ ընտանիքներ մեր համակարգի օգնությամբ կառուցել են իրենց ընտանեկան տոհմածառը», - ասել է նա՝ ավելացնելով, որ այսօրվա դրությամբ ամենահին տոհմածառը թվագրվում է 1596 թվական, իսկ ամենամեծը բաղկացած է 965 մարդուց:

«Սփյուռքի վիրտուալ թանգարան» կայքի ստեղծման նպատակով պետբյուջեից հատկացվել է շուրջ 6 մլն դրամ:

Կայքը գործում է երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: 2012 թ.-ին կգործարկվի նաև կայքի արևմտահայերեն տարբերակը:-0-